Աննա Հակոբյանն այցելել է 6-րդ հարկից ընկած փոքրիկին

Երեխայի մոտ այս պահին պահպանված է մեկ ոտքի և երկու ձեռքի շարժունությունը, իսկ մյուս ոտքը ֆիքսած է

«Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն այցելել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն և տեսակցել Երևանի շենքերից մեկի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան Արվին Վիքսոմին:

Երեխան դեռ 2-3 շաբաթ կմնա բուժհաստատությունում, նա արդեն կազդուրվում է, լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը:

«Երեխայի մոտ այս պահին պահպանված է մեկ ոտքի և երկու ձեռքի շարժունությունը, իսկ մյուս ոտքը ֆիքսած է: Փոքրիկի գիտակցությունը պարզ է, կոնտակտի մեջ է մտնում բոլորիս հետ, ինքնուրույն ուտում է, կենսական բոլոր ֆունկցիաները բավարար են»,- ասել է Չոբանյանը և հավելել, որ կոմպլեքս բուժում ստանալուց հետո երեխան չի ունենա ոչ մի առողջական խնդիր: