Արցախի ականազերծման ծրագրին հատկացվող ամերիկյան օգնության կրճատման դեմ պայքարողների բանակը մեծանում է

Նամակը ստորագրած սենատորների թվում են Ռոբերտ Մենենդեսը, Չաք Շումերը, 2020 թվականի նախագահական ընտրությունների թեկնածու Մայքլ Բեննետը, Կամիլա Հարիսը, Բեռնարդ Սանդերսը, Էլիզաբեթ Ուորենը, այլք

ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատի՝ Սենատի 22 անդամներ, որոնք ներկայացնում են ԱՄՆ 16 նահանգ, միացել են Ներկայացուցիչների պալատի 89 անդամներին, որոնք հանդես են գալիս ի պաշտպանություն Արցախի Հանրապետությունում ականազերծման ծրագրի ֆինանսավորման շարունակման և ստորագրել էին համապատասխան նամակը, հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA):

Նամակը ստորագրած սենատորների թվում են Ռոբերտ Մենենդեսը, Չաք Շումերը, 2020 թվականի նախագահական ընտրությունների թեկնածու Մայքլ Բեննետը, Կամիլա Հարիսը, Բեռնարդ Սանդերսը, Էլիզաբեթ Ուորենը, այլք:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ Կոնգրեսի 89 անդամ միացել է Արցախի ականազերծման ծրագրին հատկացվող ամերիկյան օգնությունը կրճատելու Թրամփի վարչակարգի փորձերի դեմ պայքարին: Կոնգրեսականները ստորագրել էին դեմոկրատներ Բրեդ Շերմանի և Թիջեյ Կոքսի նախաձեռնած նամակը՝ իրենց աջակցությունը հայտնելով բազմաթիվ մարդկային կյանքեր փրկող այդ ծրագրի շարունակմանը:

Շերմանի և Կոքսի նամակում կոչ է արվում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության՝ USAID-ի ղեկավար Մարկ Գրինին շարունակել Արցախի ականազերծման ծրագրի ֆինանսավորումը: