Իջեւանի իրադարձությունները իշխանության ինստիտուցիոնալության տրամաբանական հետեւանքն են: NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Կովկոսի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա խոսքով՝ միջադեպն, իհարկե, կհանգեցնի իշխանությոթւնների վարկանիշի նվազմանը, սակայն իրադարձությունները պետք է ավելի լայն կոնտեքստում դիտարկել:
«Հետհեղափոխական շրջանում տեղի են ունենում բնորոշ երեւույթներ անկախ նրանից, թե որտեղ է տեղի ունեցել հեղափոխությունը: Մասնավորապես դա դրսեւորվում է վերնախավի կտրուկ փոփոխությամբ, ընդ որում ոչ թե էվոլյուցիոն, այլ հեղափոխական եղանակով, ինչը հանգեցնում է իշխանության ինստիտուցիոնալության աստիճանի նվազման:
Ռեպրեսիվ միջոցների համար լեգիտիմ մենաշնորհ ունենալու իշխանությունների հնարավորությունները նվազում են: Ինչի արդյունք ում Ոստիկանությունը, այլ պետական ինստիտուտները բնակչության աչքին պակաս լեգիտիմ են դառնում, պարզապես այն պատճառով, որ վերջերս բնակչությունը ողջ երկրի մակարդակով որոշակի քաղաքկան փոփոխություններ էր տեսել:
Հեղափոխությունը վաղ թե ուշ կանգ է առնում եւ նրան հետեւում է իշխանության ինստիտուցիոնալությունն արդեն նոր պայմաններում:
Մենք այդ ամենի դրսեւորումը տեսնում ենք կյանքի տարբեր ոլորտներում եւ կոնկրետ իրադարձությունների օրինակով, այդ թվում նաեւ Իջեւանում», - նշեց նա:
Իսկանդարյանը հավելեց, որ Իջեւանի իրադարձությունները պետք է դիտարկել որպես ընդհանուր իրավիճակի արտացոլում, երբ ճանապարհներ փակելը լեգիտիմ է, իսկ բողոքի ցույցեր ցրելը՝ ոչ լեգիտիմ:
«Նման երեւույթները կարող են տեղի ունենալ այնքան ժամանակ մինչեւ որ կավարտվի իշխանության ինստիտուցիոնալությունը», - եզրափակեց նա:
Հիշեցնենք, որ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը փակած ցուցարարների եւ ոստիկանների միջեւ հուլիսի 17-ի երեկոյան բախում էր տեղի ունեցել։ Ոստիկանները փորձել էին բացել ճանապարհը, իսկ ակցիայի մասնակիցները չէին ենթարկվել նրանց։
Իջեւանցի վերավաճառողները պահանջում են էժանանացնել անտառի փայտը, ըստ նրանց՝ 1 խորանարդ մետրի համար սահմանված 16 հազար 800 դրամը շատ թանկ է։
0Comments