Նոր պատերազմի քարտ-բլանշ Բաքվին՝ ԵՄ դիտորդների կողմից

Մանրամասներ
նիկոլ եմ դիտորդ

Երեկ  Ոսկեպար էր այցելել ԵՄ դիտորդական առաքելությունը: ԶԼՄ-ի տարածած տեղեկությունների համաձայն՝ գյուղի բնակիչների հետ զրույցի ընթացքում պարզ է դարձել, որ դիտորդական առաքելությունը Իջեւանից Ոսկեպար հասնելու համար 30 կմ-ի փոխարեն ամեն անգամ կտրում-անցնում է մոտ 200 կիլոմետր ճանապարհ: Եվ այն հարցին, թե ինչով է պայմանավորված այդքան երկար ճանապարհը, դիտորդներն արձագանքել են, որ իրենք գործում են հստակ կանոնակարգի շրջանակներում եւ չեն ուզում որեւէ կերպ պրովոկացիայի ենթարկել Ադրբեջանին, քանի որ այս տարածքները նրանք համարում են Ադրբեջանինը եւ դեռեւս վիճելի տարածքներ են: Այդ պատճառով իրենք պրովոկացիայից խուսափելու համար Իջեւանից Ոսկեպար են գալիս Վանաձորով: 

Ի՞նչ է ստացվում: Եվրամիության դիտորդական առաքելությունը, գործելով Հայաստանի Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում, փաստացի կասկածի տակ է դնում տարածքային ամբողջականությունն՝ առանց որեւէ գործընթացի: Չենք խոսում այն մասին, որ դիտորդներն Ադրբեջանին այդ տարածքներ ներխուժելու և դրանք օկուպացնելու համար լեգիտիմ հիմք են ստեղծում: Իսկ ադրբեջանական հերթական ագրեսիայից հետո նրանք կհայտարարեն, որ Բաքուն ընդամենն իրեն պատկանող գյուղերն է վերցրել: Բնականաբար, ԵՄ դիտորդները չէին կարող նման հայտարարություններ անել առանց ՀՀ իշխանությունների հետ համաձայնեցնելու, ի վերջո, հենց իրենք են պնդում, որ գործում են հստակ սահմանված կանոնակարգով, իսկ այդ կանոնակարգը, բնականաբար, հաստատվել է Փաշինյանի կամ ՀՀ բարձրաստիճան ղեկավարության այլ ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ուշագրավ է նաև այն, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը չճանաչելու մեջ Փաշինյանն ու թիմակիցները մշտապես մեղադրում են ՀԱՊԿ-ին և հենց այդ հանգամանքն են համարում կառույցում ՀՀ մասնակցությունը սառեցնելու գլխավոր առիթը: Մինչդեռ, ՀԱՊԿ-ն չի հայտարարել, որ Հայաստանի մի շարք տարածքներ կամ ավտոճանապարհներ վիճելի են կամ պատկանում են Ադրբեջանին: Հակառակը, ինչպես գիտենք, 2021 թվականին ռուսական կողմը Ոսկեպարում սահմանապահների ուղեկալ էր տեղադրել, և դժվար թե Մոսկվան գնար նման քայլի, եթե Ոսկեպարը համարեր վիճելի կամ ադրբեջանական տարածք:

Սկզբնաղբյուր