Մեկ տարուց ավելի է, ինչ պետական մակարդակով անցկացվող շոուներ ենք ունկնդրում։ Պրն Փաշինյան, վերնագիրը դրել եք՝ ոչ բռնի, թավշյա հեղափոխություն, բայց սրանից բռնի կառավարում չկա ոչ մի երկրում։ Մենք կուլ ենք գնում Նիկոլի կամայականություններին, քմահաճություններին, որոնք միայն ատելություն են սերմանում։
Չէի ցանկանա արտահայտվել, բայց երբ դանակը ոսկորին է հասնում, մարդու գոռալն է գալիս։ Նիկո՛լ, հիշիր, թե դու ինչպես դարձար պաշտոնական ընդդիմություն եւ մտար խորհրդարան։
Եվրոպան պետք է տեսներ, որ մեր երկիրն ունի ռեալ ընդդիմություն, եւ քանի որ այդպիսի հարմար կուսակցություն չկար Հայաստանում, Սերժն ընտրեց քեզ։ Դու ուղնուծուծով մտար դերի մեջ, եւ գիտունիկ մարդկանց օգնությամբ գրեցիք այս սցենարն ու մահակով խփեցիք Սերժի գլխին (մահակ չասեմ՝ գավազան ասեմ)։ Սերժը մինչեւ վերջին օրը քեզնից չէր սպասում՝ չհասկանալով, որ իր ծոցում օձ է տաքացրել, թե չէ երբ 10-20 հոգի էիք, հեշտությամբ կարող էր ձեզ մեկուսացնել։ Խայտառակ ձեւով եկար իշխանության (խայտառակ եմ ասում, քանի որ ինքդ քեզ հռչակեցիր վարչապետ)՝ ժողովրդին տեղաշարժվելու իրավունքից զրկելով։
Բավականին ժամանակ երկիրը պարալիզացված էր․․․ Մի՞թե դա սահմանադրական տապալում չէր․․․ Օգտվելով Սերժի սխալներից՝ հասար քո նպատակին․ հալալ է քեզ։ Սերժը՝ որպես գիտուն աղվես, երկու ոտքով ընկավ թակարդը։
Սերժը մի բան ճիշտ էր ասում՝ Նիկո՛լ, երկիր ղեկավարելը շատ դժվար է, դու չես կարող (դրանում մենք համոզվեցինք), քանի որ չունես ո՛չ արտաքին, ո՛չ ներքին քաղաքականություն, ո՛չ դիվանագիտություն, ո՛չ վարվելակերպ։ Ժողովրդի մեջ այնքան ատելություն սերմանեցիր, որ մի բուռ ազգին բաժանեցիր մի քանի մասի։ Մեկը հենց բերանը բացում է՝ ցանկանալով կարծիք հայտնել, քիչ է մնում հոշոտեն։ Հետո՝ մեզ քո ստերով հիասթափեցրիր։ Շնչասպառ գոռում էիր, որ հնում դեպի Բաղրամյան 26 դիպլոմատներով գումարներ էին տանում։ Մեզ համար ի՞նչ տարբերություն՝ այդ կեղտոտ փողերն Աննայի «բարեգործությա՞նն» են մուծում, թե՞ ուրիշին։
Ժողովուրդը շատ ծանր վիճակում է, զգալի մասը հազիվ է գոյատեւում, իսկ դուք խոսում եք ձեր աշխատավարձերի բարձրացման եւ պարգեւավճարների մասին։
Պարոն վարչապետ, «հեղափոխություն» արվեց, որ նորից հի՞նը կրկնեք։ Երբ ժողովրդի մի մասը գլխին առաստաղ չունի, փողոցում է հայտնվել, դու ասում ես, որ պաշտոնյաների աշխատավարձը պետք է բարձրանա, որ կոռուպցիան վերանա։ Չեմ կարծում, թե չգիտես այն ասացվածքը, թե ախորժակն ուտելիս է բացվում։ Ինչքան շատ լինի, այնքան քիչ կթվա, դու չես կարող այդ եղանակով կոռուպցիա վերացնել, քանզի այդ մարդկանց աչքը ծակ է՝ ախորժակն անսահման։
Այ իմ խաբված ժողովուրդ, դուք չէի՞ք տեսնում, թե կադրային ինչպիսի քաղաքականություն է վարվում, իր շրջապատում ինչքան թույլ, անգետ մարդ կա, բոլորին նշանակեց պաշտոնի, որ ենթարկվեն իրեն, ասի նստեք՝ նստեն, ասի կանգնեք՝ կանգնեն։ Թքած ունեն հասարակ մահկանացուների վրա, ոչ մի տնտեսական առաջխաղացում չի լինելու, կարեւորն այն է, որ իրենք երկրագնդով մեկ պտտվեն, ուտեն-խմեն, ջան ասեն-ջան լսեն։
Նիկո՛լ, ուղղություն ես տալիս, որ մարդիկ իրենք գործ գտնեն, աղքատությունն ուղեղներից հանեն, ասենք՝ լեզվաբանը, պատմաբանը, ֆիզիկոսը եւ այլն, տարբեր մասնագիտություններ ունեցողները կարո՞ղ են բիզնես անել, քո ասելով՝ ամբողջ հայ ազգը պետք է բիզնեսմե՞ն լինի։
Հայաստանը 30 տարի թալանել են (Լեւոնից սկսած՝ Սերժով վերջացրած), եւ այդ տարիների ընթացքում 100-ից ավելի մարդիկ օլիգարխ միլիոնատերեր եւ միլիարդատերեր են դարձել։ Չեմ ուզում թվարկել, քանի որ բոլորդ լավ գիտեք, թե ում մասին է խոսքը։
Տարուց ավելի է, ինչ Քոչարյան ու Մանվել ես խաղացնում, էլ անարդար մարդ չկա՞ր։ Ինչո՞ւ չես անդրադառնում Լեւոն Տեր-Պետրոսյանի ու Սիրադեղյանի արարքներին, արդյունաբերությունը հիմնահատակ քանդեցին, երկիրը թալանեցին, սեփական ժողովրդին մթության մեջ էին պահում, սպանություններ էին կատարվում։
Ինչեր տեսանք այս տարիներին՝ ինչքան մարդ մահացավ ցրտից ու սովից, քանի-քանիսը հոգեկան խանգարումներ ստացան։ Եթե հետ նայենք, շատ դժգույն բաներ ունենք հիշելու։
Երեւի Նիկոլն ուրախությունից կորցրել է հիշողությունը եւ մոռացել է այն դաժան օրերը, որ մենք ապրել ենք։ Քոչարյանի դատավարությունը կձգձգվի 5-6 տարի, ժողովուրդը լցված է ատելությամբ, մինչեւ նոր ընտրություններ զբաղված կլինեն դրանով, ինքն էլ երկիրը հանգիստ «կղեկավարի»։
Գոնե պարզ խորհուրդներ լսիր, պարոն վարչապետ։ Օպերատորներին զգուշացրու, որ քեզ չնկարեն ուտելիս։ Դուք երբեւէ տեսե՞լ եք Թրամփին, Պուտինին, Մերկելին ուտելիս նկարեն, դա հակասում է էթիկայի կանոններին։
Բայց այդ ի՞նչ խորհրդատուներ ունես, որ Արցախի ողնաշարն ուզում եք հիմնովին ջարդել։ Պարգեւ սրբազանը սոսկ հոգեւորական չէ, նա զենքը ձեռքին կռվել է ադրբեջանցու դեմ, նա մեծ հայրենասեր է։ Եվ ի՞նչ եք ընկել Արցախի հերոսների հետեւից, ձեր կուսակցության՝ բանակում չծառայած երիտասարդներին մի երկու ամսով ուղարկեք բանակ, առաջին գիծ, թող զենք բռնել սովորեն (ոչ թե միայն խոսափող), կարող է ժամանակին պետք գա՝ գոնե ինքնապաշտպանության նպատակով։
Շուրջդ հավաքել ես «հիվանդ», բանակից ազատված երիտասարդների, որոնց ներսում խոսում են նախանձն ու չարը։ Դու նրանց հոգեբանորեն նախապատրաստիր, որ կարող են բանակում ծառայելով՝ լիարժեք տղամարդ դառնալ։ Երբ մարդը կոփված է լինում, դատողությունն էլ է փոխվում։ Այնքան բաց տեղեր կան, որ կարելի է շատ երկար գրել։ Բայց բավարարվենք այսքանով եւ ամփոփենք։ Մի՞թե մեր երկրում կա մի մարդասպան եւ մի միլիարդատեր։ Իսկ ո՞ւր են այն մեծ շնագայլերը (Լ․ Տեր-Պետրոսյան, Ա․ Հարությունյան, Տ․ Մարգարյան, Գ․ Բեգլարյան), ինչո՞ւ ջրի երես չես հանում, ընկել ես ճղճիմ բաների հետեւից։
Լոռվա ձորերից մեկում մի դպրոցի տնօրեն իր ամուսնուն կամ փեսային ձեւակերպել է որպես պահակ կամ էլեկտրիկ, բյուջեից յուրացրել է «խոշոր» գումար (ճիշտ է, դա էլ է վատ արարք, չենք խրախուսում), բայց շնագայլերի յուրացումների համեմատ շատ աննշան է։ Դրանցով զբաղվիր, պարոն պոպուլիստ։
Հեղափոխության նախկին մոլի ջատագով՝ Լ․ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
0Comments