Այգավանցիները բողոքի ակցիա են անցկացրել մարզպետարանի դիմաց

Գյուղացիք լացում են, որ ասենք 1-2 միլիոն վարկ են արել, որ գոնե մի բան էլ իրենք ծախեն, օգտվեն, հիմա չգիտեն` ինչ անեն. Համայնքապետ

Արմավիրի մարզի Այգավան գյուղի բնակիչներն այսօր բողոքի ակցիա են անցկացրել Արմավիրի մարզպետարանի դիմաց` պահանջելով փոխհատուցում երեկ տեղացած ուժեղ կարկուտի վնասներից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Այգավանի համայնքապետ Հենրիկ Հովհաննիսյանը:

«Կարկուտը երեկ ժամը 16:25-ի սահմաներում է սկսվել,  4-5 րոպե է տեւել, գյուղի բնակիչների մոտ 70 տոկոսի բերքը վնասել է: Բերքը մեր գնահատականով 100 տոկոսով վնասվել է, սակայն իրենք 80 տոկոս են գնահատում, էն 20 տոկոսն էլ պիտանի չէ»,- ասաց համայնքապետը` նշելով, որ գյուղացիներին չի հաջողվել հանդիպել մարզպետին:

Համայնքապետի խոսքով մարզպետարանի համապատասխան բաժնից մասնագետը իրենց ասել է, որ երկուշաբթի հանձնաժողով կկազմվի, կգնան գյուղ, ինքը կներկայացնի վնասները:

«Գյուղացիք լացում են, որ ասենք 1-2 միլիոն վարկ են արել, որ գոնե մի բան էլ իրենք ծախեն,

օգտվեն, հիմա չգիտեն` ինչ անեն: Էս պահին գյուղում թաղման արարողություն է, մի մասը եկել,մասնակցում են,  մի մասն էլ ծառերի տակ նստած լացում են»-ասաց նա:

Համայնքապետը նշեց, որ ինքը չի թողել, որ գյուղացիները  ճանապարհ փակեն, կարծում են, որ դրանով խնդիրը չի լուծվի:

Նշենք, որ երեկ հանրապետության տարբեր մարզերում տեղացած կարկուտը մեծ վնասներ է հասցրել ցանքատարածություններին եւ այգիներին: