21-րդ դարը կարող է դառնալ մերը. Արթուր Դանիելյանը «Ադեկվադ» ՀԿ է հիմնել

Մենք դատապարտված ենք մահվան բոլոր այն դեպքերում, երբ չենք ձգտում լինել ամենալավը

Սոցցանցում լայն տարածում գտած «Ադեկվադ» նախագծի հիմնադիրներից Արթուր Դանիելյանը հայտնել է, որ ինքն ու գաղափարակիցները հիմնել են «Ադեկվադ» հասարակական կազմակերպությունը:

Ներկայացնելով իրենց կազմակերպության գաղափարախոսության հիմնադրույթները՝ Դանիելյանը Facebook-ի իր էջում գրել է.

«21-րդ դարը կարող է դառնալ մերը, միայն եթե մենք ընդունենք մարտը: Մարտ առաջին հերթին հենց ինքներս մեր դեմ: Մեր մեջի «ստրուկի», լավն ու վատը տեղերով փոխած «աբիժնիկի» դեմ: Մարտ` հանուն իրական բարոյականության գաղափարների վերականգնման, մարտ` հանուն ճշտի, հանուն լավի, հանուն ուժի: Ուժ, որն արտացոլվում է կամքով, այլ ոչ մկաններով կամ բանակով:

Խոհեմ, ողջախոհ ու արի դառնալու կամքով: Բանակը, տնտեսությունն ու բարեկեցությունը ընդամենը կամքի արտացոլումն են:
Ընդ որում, հաշվի առնելով մեր բնական արեալից մնացած չնչին հողակտորը, բնական ռեսուրսները և տեխնոլոգիական առաջընթացը` մենք դատապարտված ենք լինել ոչ թե պարզապես խոհեմ, ողջախոհ, արի ու արդար, այլ ամենախոհեմը, ամենաողջախոհը, ամենաարին ու ամենաարդարը: Ինչպես գիշատիչներն են դատապարտված լինել սննդային շղթայի էլիտայում, այդպես էլ մենք ենք դատապարտված լինել մարդկային տեսակի էլիտայում, այլապես կհարմարվենք, կձուլվենք ու կկորչենք:

Մենք դատապարտված ենք մահվան բոլոր այն դեպքերում, երբ չենք ձգտում լինել ամենալավը: Ութ միլիարդանոց այս մոլորակի վրա մեր երեք միլիոնը կամ կլինի լավագույնը, կամ կմահանա: Չկա հարմարվող փոքրամասնություն, հարմարվողը միաձուլվում է մեծամասնության հետ, դառնում միջակ, միջին վիճակագրական: Փոքրամասնությունը միայն կարող է լինել կամ ճնշող, կամ չլինել առհասարակ: Մենք պետք է մոտենանք Աստծո լույսին, ճանաչենք բնության օրենքները, կրթվենք, կատարելագործվենք, լինենք ամենից լավ, ապրենք ամենից լավ, ու բարձրանանք ամենից վեր:

Սա է նպատակը, որին պետք է ուղղել այն էներգիան ու պասիոնարությունը, որը կուտակվել է դարերով կուտակված վրդովմունքի, խենթության ու բնածին արդարության պահանջի արդյունքում»: