Թբիլիսիի կենտրոնում` խորհրդարանի շենքի դիմաց, տեղադրվել է Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի գիպսե կիսանդրին, որի վրա կա կոճակ: Այս կոճակին սեղմելիս նախարարը ներողություն է խնդրում:
Կիսանդրին տեղադրել են մի խումբ երիտասարդ ակտիվիստներ՝ հիշեցնելու համար նախորդ տարի մայիսի 12-ի գիշերը տեղի ունեցած իրադարձություններն ու նախարարի չիրականացրած խոստումները:
Հիշեցնենք, որ նախորդ տարի «Բասիանի» և «Գալերի» գիշերային ակումբներում ոստիկանությունը հատուկ գործողություն էր իրականացրել՝ ձերբակալելով թմրանյութ վաճառող մի քանի անձի: Դեպքի հետ կապված երիտասարդները բողոքի ցույցեր էին կազմակերպել խորհրդարանի շենքի դիմաց.վրաններ էին տեղադրել, որտեղ նաև գիշերում էին: Ցույցի խորագիրն էր՝ «պարում ենք միասին, պայքարում՝ միասին»: Երիտասարդները գիշերային ակումբը տեղափոխել էին խորհրդարանի շենքի տարածք, որտեղ բարձր ակումբային երաժշտության ներքո պարում էին:
0Comments