ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը չի շտապում կառավարության ծրագրի մասին տեսակետ հայտնել՝ նշելով, որ Կառավարությունը դեռ նոր է ԱԺ-ին ներկայացնում այն։
Հարցին՝ արդյոք այս անգամ ԱԺ-ն կհակադրվի Կառավարությանը, թե կրկին կանի այն, ինչ կպահանջի Նիկոլ Փաշինյանը, Մակունցն ասաց. «Մենք խնդիրը հակադրությունների կամ ընդունելու տիրույթում չենք նայում։ Մենք նայում ենք, թե ինչպիսին է այս ծրագիրը, ինչ նպատակ է դնում իր առաջ, ունի՞ մեխանիզմ, որով կարող են այն հաշվետու պահել՝ ծրագիր իրականացման տեսանկյունից, ինչպիսին կարող է լինել այն ի կատար ածելու ընթացքում օրենսդիրի գործառույթը, որտեղ է, որ մենք պետք է ավելի ուշադիր լինենք»:
Խոսելով տնտեսական հեղափոխություն իրականացնելու մեխանիզմների մասին Մակունցը նշեց, թե հեղափոխությունը տեղի ունեցավ, որովհետև այն սկսվեց մեկ մարդուց և սկսվեց նրանից, որովհետև ՀՀ քաղաքացին իրեն պատասխանատու զգաց փոփոխությունների համար ու իր ձեռքը վերցրեց պատասխանատվության այն գործիքը, որն իրենն էր:
«Հիմա տնտեսական հեղափոխության մասին խոսելիս վարչապետի ասածը վերաբերում էր հենց դրան, որ, այո, օրենսդիր, գործադիր ու դատական մարմիններում մենք ունենք մեր գործիքները` հասնելու համար տնտեսական հեղափոխության: Բայց ՀՀ քաղաքացիները նույնպես իրենց գործիքները պետք է ունենան այս տիրույթում»,-ասաց նա։
Սակայն նա չհամաձայնեց դիտարկման հետ, թե ստացվում է, որ կառավարությունն ու ԱԺ-ն խուսափում են պատասխանատվությունից՝ ամեն ինչ մարդու վրա դնելով։
«Ոչ, պատասխանատվությունից խուսափել չի: Ուզում եմ նորից ընդգծել, որ Հայաստանի խնդիրներն` անկախ այն հանգամանքից, թե ինչ հանգամանքներում են ծագել, դրանց պատասխանատուն օրենսդիր մարմինն է, մենք ենք: Պետք է փնտրենք լուծումներ, ընդ որում՝ ոչ մեկ ճանապարհով»,- շարունակեց նա։
Պատգամավորը մի բանում վստահ ՝ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է հարկեր վճարեն։
0Comments