Ամբերդի նման հզոր ամրոցը չի երեւացել կադաստրային քարտեզում

Մենք սեփականության իրավունք ունենք, որը տվել է պետությունը, ՀՀ–ն է տվել այս իրավունքը, օրենքի տառի, կետի բոլոր տարրերը պահպանելով. Մանուկ Մանուկյան

Ամբերդի նման հզոր ամրոցը չի երեւացել կադաստրային քարտեզում, երեւացել է ընդամենը արոտավայր: Այս մասին այսօր՝ մայիսի 6–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ի Արագածոտնի մարզային նախկին պետ, «Ամբերդ ամրոց»պատմամշակութային արգելոցի տարածքում շինանարություն իրականացնող ընկերության համասեփականատեր Մանուկ Մանուկյանը:

«Մեզ բանավոր պատասխանել են, որ առայժմ աշխատանքները մի շարունակեք մինչեւ համապատասխան հնագետներ կգան, տարածքը կնայեն, կուսումնասիրեն, նոր համապատասխան գործընթացը նորից կշարունակեք»,-ասաց նա՝ անդրադառնալով «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի պահպանման գոտում շինարարական աշխատանքների շուրջ բարձրացած աղմուկին եւ շինաշխատանքների դադարեցմանը։ Նրա խոսքով կոնկրետ ժամկետների մասին խոսք չի եղել, եւ որ իրենք մտածել են արագ  կլինի գործընթացը։

«Կոնկրետ ժամկետ նշված չէ, ուղղակի մենք սպասում ենք, որ համապատասխան մասնագետներ գան. Մենք կարծել ենք, որ արագ կլինի այդ ամեն ինչը, ասենք մյուս շաբաթ կամ 10 օրվա ընթացքում այդ խնդիրները կլուծվեն։

Նրա խոսքով 986թ.–ին պահպանողական գոտին փոխվել է եւ 2013–ին այլ պահպանողական գոտի է գծվել։ Նա համեմատության մեջ դրեց նախկին եւ ներկա պահպանողական գոտիների գծապատկերները, ասելով, որ նորն ավելի գրագետ է արված։

«Պահպանողական գոտին գծվել է համապատասխան գիտահետազոտական ինստիտուտի կողմից։ Մտածում են հինը շատ ավելի լավն է, նորը շատ ավելի վատը։ Բայց ես հիմա զուտ մասնագիտորեն տեղյակ լինելով տարածքին ներկայացնեմ ձեզ խնդիրը։ Չափի առումով գրեթե փոփոխություն չի եղել, 40 հեկտար հինն էր, 45 հեկտար նորը»,– ասաց Մանուկյանը։

Ներկայացնելով հնի եւ նորի տարբերությունները, նշեց մի քանի տեղանքներ, որոնք արտացոլված են նորում, իսկ հնում չեն եղել։ Անդրադառնալով տեղանքին, նա ասաց, որ 1986թ.–ից մինչեւ 2017թ.–ը «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի տարածքը կադաստրային արժեքով երեւացել է, որպես պետական սեփականության արոտավայր։

«Պատկերացնո՞ւմ եք, կադաստրային քարտեզով երեւացել  է, որպես արոտավայր։ Ես զարմանում եմ Մշակույթի նախարարության վրա. Դուք պատկերացրեք, որ Ամբերդի նման հզոր ամրոցը չի երեւացել կադաստրային քարտեզում, երեւացել է ընդամենը արոտավայր եւ Մշակույթի նախարարությունը սկի պետքն էլ չի՛ եղել, հաստատել է այս կադաստրային քարտեզը»,– ասաց Մանուկյանը։

Նրա խոսքով, եթե շարունակեն ձգձգել գործընթացը եւ խոչնդոտեն իրենց աշխատանքները, կդիմեն դատարան, քանի որ իրենք ունեն դրա համար բոլոր հիմքերը։

«Մենք սեփականության իրավունք ունենք, որը տվել է պետությունը։ ՀՀ–ն է տվել այս իրավունքը, օրենքի տառի, կետի բոլոր տարրերը պահպանելով»,– ասաց Մանուկյանը։

Նրա խոսքով սա արհեստական բարձրացված աղմուկ է Բյուրականի համայնքի ղեկավարի կողմից, քանի որ 2015թ.–ին համայնքի ղեկավարի դեմ դատական հայցով մտել է դատարան, որ հուշարձանի հարակից տարածքում թույլ է տվել բնակիչները տաղավար կառուցեն եւ դատը շահել։ Նման մի դեպք էլ անցած տարի է գրանցվել։ Հարցին, եթե հնագետները պարզեն, որ դա պատմական նշանակության վայր է պատրաստ է փոխհատուցում ստանալով դուրս գալ, Մանուկյանն ասաց. «Ես չեմ պատկերացնում, թե դա ոնց է լինելու։ Մեր ամբողջ ընտանիքը շուրջ 25 տարի այդ տարածքով է ապրում եւ միայն մեր ընտանիքը չէ, մի 4 ընտանիք՝ մեր հարազատներով, ընտանեկան բիզնեսով ենք զբաղվում»,– ասաց մանուկյանը։

Անդրադառնալով իր պաշտոնից ազատվելուն, ասաց, որ այդ քայլին իր տնօրինությունը գնացել է ճնշումների ենթարկվելու պատճառով։

«Ես որեւէ թղթի տակ չե՛մ ստորագրել, ես իմ համաձայնությունը չե՛մ տվել, ես իմ սեփական համաձայնությամբ չե՛մ ազատվել։ Ինձ աշխատանքից ազատել է իմ տնօրենը, Մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանի ճնշմամբ. »,–ասաց Մանուկյանը։

Նրա խոսքով նույն անձի կողմից անցած տարի աշխատանքից ազատել են իր որդուն եւ ինքը նամակ է գրել Նիկոլ Փաշինյանին, տեղեկացնելով, որ իր ընտանիքի դեմ վենդետա է սկսվել։

«Ես վարչապետին նամակ գրեցի, որ իմ ընտանիքի հանդեպ վենդետա է սկսվել, վենդետա հենց այդ գյուղապետի կողմից. Պարոն Փաշինյան, Ձեզ եմ դիմում, Ձեզ ուղղված նամակի պատասխանը շուրջ արդեն քանի ամիս, նոյեմբերից մինչ օրս ես չեմ ստացել։ Ես կարծում եմ բան պետք է փոխված լիներ մեր երկրում, բայց այնհայտ երեւում է, որ բան չի փոխվել»,– եզրափակեց Մանուկյանը։