Մենք նպատակ չունենք մարդասպաններին վերադարձնել. Դավիթ Բաբայան

Արցախի նախագահի խոսնակն նաև նշեց, որ կարևոր է, որ Դավիթ Տոնոյանն ասել է, որ հարցն Արցախի սուվերեն իրավունքի տիրույթում է գտնվում

Կարևոր է, որ Դավիթ Տոնոյանն ասել է, որ հարցն Արցախի սուվերեն իրավունքի տիրույթում է գտնվում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Երևանին ուղղված Բաքվի առաջարկին՝ փոխանակել Ադրբեջանում կալանավորված երկու հայ գերիներ Կարեն Ղազարյանին ու Արայիկ Ղազարյանին մի շարք հանցանքների, այդ թվում՝ սպանության համար Արցախում ազատազրկման դատապարտված Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ:

Նշենք, որ այդ առաջարկին ի պատասխան՝ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասել է. «Ես դա չեմ բացառում, բայց դա ԼՂՀ սուվերեն որոշման խնդիրն է»: Նախարարը նաև ընդգծել էր, որ ինքն այդ գործընթացը չի դիտարկում փոխանակման տեսանկյունից:

Դավիթ Բաբայանի խոսքով՝ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է իր քաղաքականությամբ արցախյան պետականությանը հարված հասցնել, ինչը նաև հարված է հայոց պետականությանը:

«Այդ է պատճառը, որ դիմում է Երևանին. ի՞նչ կապ ունի Երևանը Արցախում դատված և իրենց պատիժը կրող ադրբեջանցի հանցագործների հետ: Դիմում է, որովհետև փորձում է ցույց տալ, որ Արցախը չկա, մայր Հայաստանն է ագրեսոր, որ «օկուպացրել» է այդ տարածքները: Շատ պարզ է, որ այդպիսի բաներ չպետք է թույլ տանք»,-մեկնաբանեց Արցախի նախագահի մամուլի խոսնակը:

Վերջինս ընդգծեց՝ իրենք որևէ նպատակ չունեն ահաբեկիչներին, հանցագործներին, մարդասպաններին վերադարձնել:

«Այո, սա զգացմունքային խնդիր է, որովհետև մեր քաղաքացիներն այնտեղ են, ձերբակալված են, բայց մյուս կողմից՝ այս մարդիկ հանցագործներ են: Հիմա պատկերացրեք՝ ինչպե՞ս մենք պիտի վերադարձնենք նրանց»,-ասաց Բաբայանը:

Նա նաև համեմատական օրինակ ներկայացրեց. «Այսպես մտածենք՝ եթե Սաֆարովը, որը կացնահարել էր Գուրգեն Մարգարյանին, լիներ Երևանի բանտում, մենք կհամաձայնեի՞նք բաց թողնել այդ մարդուն և փոխանակել մեր այլ քաղաքացիների հետ: Դա կնշանակեր, որ մենք համաձայնում ենք այդ մտքին, որ արդարացնում ենք սպանությունը: Այստեղ ոչ մի տարբերություն չկա, նույն կերպ դաժանորեն սպանել են մի երեխայի, հետևաբար՝ ահաբեկիչների հետ կապված որևէ բանակցություն առհասարակ անիմաստ է»: