Իշխանափոխությունից հետո հայրենիք վերադարձած, Վայոց ձորի Հերհեր գյուղի բնակիչ Արտյոմ Վարդազարյանն այսօր հանդես եկավ ասուլիսով և բողոքեց, թե կառավարությունը հայտարարել էր գյուղատնտեսությանն օժանդակելու ծրագրերի մասին, սակայն բանկերը հրաժարվում են ցածր տոկոսներով վարկեր տալ:
Նա պատմեց, որ մեկ տարի է` ինչ վերադարձել է Ռուսաստանից, ստեղծել է տնտեսություն, և թեև վարչապետը հայտարարում է, որ ծրագրերով գյուղացիներին տալիս է հնարվորություն, որ զարգանան, բայց իրականում ոչ մի առաջընթաց չկա:
«Երեքօրյա դասընթացի հաճախել ենք, կազմել ենք ծրագիր, բոլոր հնարավորությունները ստեղծել, բայց նորմալ պատասխան չենք ստացել: Ես ուզում եմ, որ ղեկավարները լսեն, թե ինչով է տառապում գյուղացին՝ ստերով, խաբեությամբ: Գյուղացին չի կարող այսպես բարգավաճել»,-ասաց նա:
Արտյոմ Վարդազարյանը նշեց, որ մեկ միլիոն 200 հազար դրամ վարկ է վերցրել, տնտեսություն է ստեղծել, խոզեր է գնել և հիմա ցանկանում է հավելյալ վարկ վերցնել, որ տնտեսությունն ընդլայնի, դարձնի ֆերմա, սակայն գումար չեն տրամադրում:
«Պետական աջակցություն չկա: Գիտեմ, որ այս ասուլիսից հետո իմ բոլոր ճանապարհները կփակեն, և ես ընտանիքվ կհեռանամ Ռուսաստան: Ես դիմում եմ պարոն Փաշինյանին` խնդրում եմ ուշադրություն դարձնել բոլոր գյուղացիներին: Այսօր գյուղացին ձեռքը գրպանը ման է գալիս, քանի որ ֆինանս չի տրամադրվում»,-ասաց նա և նշեց, որ իր հետ դասընթացը անցնողներից ոչ ոք ֆինանսավորում չի ստացել, բոլորը նույն խնդիրներ ունեն:
Նա ասաց, որ իրեն անհրաժեշտ գումարը երեք միլիոն դրամ է, ունի երաշխավորներ, սակայն բանկերը «դաբրոյով» են վարկ տալիս:
0Comments