Իսպանական ևս մեկ քաղաք ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Բուրգոս քաղաքը 34_ է ով ճանաչել ցեղասպանությունը և կոչ է արել իշխանություններին հետևել իրենց օրինակին

Բուրգոսը դարձավ Իսպանիայի 34-րդ քաղաքը, որը պաշտոնապես ճանաչեց հայոց ցեղասպանությունը։ Երեկ ուշ երեկոյան Բուրգոսի քաղաքային նիստը միաձայն ընդունեց Արարատ Հայկական միության «Հայոց ցեղասպանության ճանաչման մասին» միջնորդագիրը, որը նիստին ներկայացրեց միության անդամ Վահե Պապյանը՝ ավագանու Կոնտիգո կուսակցության խոսնակ Սիլվիա Ալվարեսի (Silvia Alvarez) օգնությամբ։ Այս մասին Հրապարակին հայտնեց Վալենսիայի հայ համայնքի նախագահ Արարատ Ղուկասյանը:

Միջնորդագրի հիման վրա, ավագանու 4 կուսակցությունները (Ժողովրդական, Սոցիալիստական, Իմախինա Բուրգոս և Քաղաքացիական) համատեղ ինստիտուցիոնալ հայտարարագիր են հրապարակել, որով դատապարտել են ցեղասպանությունն իրակացնողներին և հորդորել Թուրքիային և, հատկապես, Իսպանիային, ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որպես այդպիսին։
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչած 34 քաղաքներից 7-ը, այդ թվում նաև Բուրգոսը, շրջկենտրոններ են, իսկ երկուսը՝ Վալենսիան ու Մերիդան' մարզկենտրոններ։ 

Նաև նշենք, որ Իսպանիայի 5 մարզեր' Բասկերի երկիրը, Կատալոնիան, Բալեարները, Նավառան և Արագոնը, արդեն ճանաչել են ցեղասպանությունը և հորդորել կենտրոնական իշխանությանը՝ հետևել իրենց քայլին։