Մանվել Գրիգորյանի գործով ՄԻԵԴ-ն արձագանքել է

Նրա առողջական վիճակը գնալով վատթարանում է

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձագանքել է ՀՀ կառավարության՝ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործին և նամակով դիմել պաշտպանական կողմին: Այս մասին news.am–ին հայտնել է Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը. «Նամակն այսօր ենք ստացել, ուղարկել են կառավարության դիրքորոշումը»: Պաշտպանը նշել է, որ ուսումնասիրման համար իրենց տրվել է եռօրյա ժամկետ, դրանից հետո պետք է ներկայացնեն իրենց առարկություններն ու առաջարկները.

«Ուզում եմ փաստել, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը գնալով վատթարանում է, բայց ցավում եմ, որ այս հարցը Հայաստանի տիրույթից դուրս եկավ և գտնվում է Եվրոպական դատարանի տիրույթում, և պետությունը, ունենալով պոզիտիվ պարտավորություն, պատասխան է տալու դրա համար»,–ասել է նա։

Հիշեցնենք, որ 2019 թվականի մարտի 12-ին Մանվել Գրիգորյանի պաշտպանները դիմելով Եվրոպական դատարան՝ խնդրելով Գրիգորյանի գործով միջանկյալ միջոց կիրառել` պարտավորեցնելով ՀՀ իշխանություններին Մանվել Գրիգորյանին անհապաղ տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց՝ համապատասխան բժիշկ–մասնագետների հսկողության  տակ, ինչպես նաև վերջինիս անհապաղ տեղափոխել Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող իր կողմից մատնանշված բուժհաստատություն՝ հետագա ստուգման և բուժման նպատակով:

Մարտի 22-ին Եվրոպական դատարանը որոշում էր կայացրել հետաձգել միջանկյալ միջոց ձեռնարկելու հարցի քննությունը՝ պահանջելով ՀՀ կառավարությունից մինչև սույն թվականի ապրիլի 3-ը ներկայացնել համապատասխան տեղեկատվություն: