Հայաստանի կրթության եւ գիտության նախարարն անարդյունավետ է աշխատում։ Այս մասին ապրիլի 5-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։
Նրա խոսքով, եթե կրթության եւ գիտության նախարարը համարում է, որ քաղաքական որոշումներով կարելի է փոխել երկրի գլխավոր բուհի ռեկտորին, ապա այդ մոտեցմանը համաձայնելն անհնար է։ «Այդ դեպքում ո՞ւր կորավ բուհերի ինքնակառավարման ինստիտուտը։ Եթե ռեկտորին հաջողվում է ապահովել բուհի նորմալ գործունեությունը, նա հանցագործություններ չի կատարել, ապա պետք է մնա իր պաշտոնին»,- ընդգծել է պատգամավորը։ Ինչպես նշել է ԲՀԿ ներկայացուցիչը, տպավորություն է ստեղծվել, որ այն ռեկտորների հանդեպ, որոնք աջակցել են հեղափոխությանը, իշխանությունը մի վերաբերմունք է ցուցաբերում, իսկ նրանց հանդեպ, ովքեր չեն աջակցել՝ մեկ այլ։
Անդրադառնալով առաջարկված կառուցվածքային փոփոխություններին կառավարությունում՝ Գեւորգ Պետրոսյանն ասաց. «Մի՞թե սա է զբաղվածության խթանումը, երբ երկար տարիներ նախարարություններում աշխատած մարդիկ մնում են առանց աշխատանքի։ Եթե դա բացատրվում է նրանով, որ նախարարությունն աշխատում է անարդյունավետ, ապա հարկավոր է ազատվել նախարարից, որն ի վիճակի չէ կազմակերպելու գերատեսչության աշխատանքը»։ Նա համոզված է, որ նման քաղաքականությունը խթանում է առանց այդ էլ չդադարող արտագաթը։ «Կրթության եւ գիտության ներկայիս նախարարը նույնպես անարդյունավետ է աշխատում։ Ինչո՞ւ այդ դեպքում չեն լուծարում նաեւ այդ գերատեսչությունը»,- հարց է տվել Գեւորգ Պետրոսյանը։
0Comments