Կալանավորը դադարեցրել է 44 օր տևած հացադուլը

Դատախազները հորդորել են դադարեցրել առողջությունը քայքայող պայքարի ծայրահեղ այդ միջոցը

Այսօր Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանը Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Գևորգ Գևորգյանի և համապատասխան քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողութուն իրականացնող դատախազի ուղեկցությամբ այցել է արդեն 44 օր հացադուլի մեջ գտնվող, ներկայումս «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում բուժսպասարկում ստացող, նախնական կալանքի տակ գտնվող անձ Կարեն Հովհաննիսյանին:

Դատախազությունից հայտնում են, որ մոտ 2.5 ժամ տևած հանդիպման ընթացքում քննարկվել են Կարեն Հովհաննիսյանի կողմից ներկայացված՝ իր վերաբերյալ քրեական գործի նախաքննությանը, իրեն ներկայացված մեղադրանքին վերաբերող բոլոր հարցերը:

Ըստ աղբյուրի, դատախազները հորդորել են դադարեցրել առողջությունը քայքայող պայքարի ծայրահեղ այդ միջոցը՝ օրենքով սահմանված կարգով ծանոթանալ քրեական գործի նյութերին և դրանից հետո մեղադրանքի հիմնավորվածության կապակցությամբ առարկություններ և միջնորդություններ ունենալու դեպքում դրանք ներկայացնել դատախազին:

«Հավաստիացվել է, որ դրանք դառնալու են պատշաճ քննարկման առարկա, լիարժեք ապահովվելու են նրա դատավարական իրավունքները, և այդ ամենը երաշխավորելու նպատակով ընթացող քննության օրինականության նկատմամբ իրականացվելու է դատախազական պատշաճ հսկողություն:  Հանդիպման արդյունքում Կարեն Հովհաննիսյանը դադարեցրել է հացադուլը»,-հայտնում են դատախազությունից։