Երկու գեներալ կլքե՞ն պաշտոնները

Նրանց պաշտոնավարման պայմանագրերի ժամկետը լրանում է, և հնարավոր է՝ նրանց հետ նոր պայմանագիր չկնքեն

Արցախի պաշտպանության բանակի գեներալներ Վարդան Բալայանը և Սլավիկ Դանիելյանը, հնարավոր է, շուտով ազատվեն զբաղեցրած պաշտոններից, հայտնում է 168.am-ը։ Բանն այն է, որ գեներալների պաշտոնավարման պայմանագրերի ժամկետը լրանում է, և հնարավոր է՝ նրանց հետ նոր պայմանագիր չկնքեն։

Կայքը կապ է հաստատել Վարդան Բալայանի հետ՝ հասկանալու համար, թե ի՞նչն է իր հետ նոր պայմանագիր չկնքելու պատճառը։ Վերջինս ասել է, որ այս պահին արձակուրդում է, առաջին հանգստյան օրն է անցկացնում, իսկ հարցը լսելուց հետո պատասխանել. «Նման բան չկա, ուղղակի ես արձակուրդում եմ»։

– Ձեր պաշտոնավարման պայմանագրի ժամկետը  լրացե՞լ է։

– Չգիտեմ, անկեղծ, չեմ հիշում, կարծեմ՝ չի լրացել։

– Այսինքն՝ այս պահին չգիտե՞ք՝ մինչև երբ եք պաշտոնավարելու։

– Ես չգիտեմ, արձակուրդից կվերադառնամ ու կտեսնեմ, հիմա ուղղակի հանգստանում եմ։

– Պարոն Բալայան, ե՞րբ եք արձակուրդից վերադառնալու։

– Դեռ 40 օր արձակուրդում եմ լինելու»,-ասել է գեներալը։