Դեկտեմբերին ՀՀ–ում սպանդանոցների հզորությունները չեն բավարարում․ Բաբկեն Պիպոյան

Մանրամասներ
Բաբկեն Պիպոյան

Հայաստանի սպանդանոցների հզորությունները դեկտեմբերին չեն հերիքում, քանի որ մորթի պահանջարկն ավելանում է, հետևաբար պետությունը պետք է համապատասխան մեխանիզմներ մշակի այդ ուղղությամբ։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում այս հայտարարությունն արեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ–ի նախագահ Բաբկեն Պիպոյանը։

Դեկտեմբերի 13-ին հայտնել էինք, որ Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական գործողություններ է իրականացրել «Գումի» շուկայում և մոտ 1 տոննա ոչ սպանդանոցային ծագման միս հայտնաբերել։

«Եթե այնպիսի սպանդանոց լինի, որի հզորությունը բավականացնի դեկտեմբերին, ապա այն շատ կլինի հունվարին։ Եթե հունվարին բավականացնի, ապա չի բավարարի դեկտեմբերին։ Դա նշանակում է` պետությունը պետք է բալանսավորված լուծում գտնի, իսկ դա հնարավոր կլինի միայն ճշգրիտ հաշվարկների դեպքում»,– ասաց նա։

Պիպոյանի խոսքով` սպանդանոցն ամբողջական համակարգ է, որի խնդիրները սիրողական մակարդակով հնարավոր չէ լուծել։ Ըստ նրա` պետք են ճշգրիտ հաշվարկներ ու վերահսկողություն, եթե դա չլինի, ապա սպանդանոցներն ինչպես բացվեն, այնպես էլ կփակվեն։

Փորձագետը նշեց, որ արդեն մի քանի ամիս է ՝ էկոնոմիկայի նախարարությունից և սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից խնդրում է տրամադրել դեկտեմբերին մորթված անասունների և սպանդանոցների հզորությունների թվերը: Սակայն նման տվյալներ նրան չեն տրամադրում։ Ըստ այդմ` փորձագետը կարծում է, որ հաշվարկներ պարզապես չկան։

Հիշեցնենք` օրենքը, որը պարտավորեցնում է անասունների սպանդ իրականացնել միայն սպանդանոցներում, ուժի մեջ է մտել 2023 թվականի վերջին։