Իրանը ՄԱԳԱՏԷ-ին պաշտոնապես ծանուցել է Իսրայելի կողմից միջուկային օբյեկտներին ուղղված սպառնալիքների մասին

Մանրամասներ
իրան

Իրանը պաշտոնապես բողոք է հղել Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտների դեմ սպառնալիքների վերաբերյալ։

Այդ  մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղայիին։«Իրանն այդ սպառնալիքները դիտարկում է որպես սպառնալիք միջազգային հանրության անվտանգությանը և այդ կապակցությամբ գրավոր բողոք է հղել Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին»,- մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Բաղային՝ պատասխանելով հարցին, թե ինչպիսին կլինի Թեհրանի արձագանքն Իսրայելի սպառնալիքներին:

 Իրանի արտգործնախարարության ներկայացուցչի խոսքով՝ Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու սպառնալիքն անընդունելի է և հակասում է միջազգային իրավունքին։

Հոկտեմբերի 1-ի երեկոյան Իրանը զանգվածային հրթիռային հարված է հասցրել Իսրայելին՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի, «Հեզբոլլահ»-ի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի առանցքային ղեկավարների սպանությունների:

Թեհրանում հայտարարել են, որ հրթիռների 90 %-ը հաջողությամբ խոցել են նշված թիրախները, սակայն Իսրայելը պնդում է, որ Իրանն արձակել է շուրջ 180 հրթիռ, և դրանց մեծ մասը կալանվել է: Իսրայելը խոստացել է պատասխանել հարձակմանը: