Եկեղեցին պատրա՞ստ է ներել Փաշինյանին, եթե վերջինս ապաշխարի, թե՞ նրա գործած մեղքերն աններելի են

Մանրամասներ
եկեղեցի

Մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանի մոլի քննադատներից Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Փաշինյանի հրաժարականի մասին խոսելիս ասել էր, թե՝ «եթե այս իշխանությունը վերանայի իր քաղաքականությունը, ներողություն խնդրի իր սխալների համար և ապաշխարի, ճիշտ ուղու վրա կանգնի, թող մնա»։

Այսինքն՝ նիկոլական տրամաբանությամբ սա նշանակում է, որ կարող է Նիկոլ Փաշինյանը ամեն անգամ մեղք գործել, հետո ապաշխարել ու մեղքերի թողության ստանալ, հետո էլի մեղք գործել, էլի ապաշխարել։ Նիկոլերենով ասած՝ «Փող տու, խախտի, խախտի, փող տու, էլի խախտի, էլի փող տու, էլի փող տու, էլի խախտի․․․»։ Եւ այսպես շարունակ։ 

Ուստի, այսօր Մայր Աթոռում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ MediaHub-ը նույն տրամաբանության մեջ հարց հնչեցրեց Արշակ Սրբազանին, թե Նիկոլ Փաշինյանը, եթե որոշի գալ Մայր Աթոռ և ապաշխարել և իր գործած մեղքերի, ասենք՝ Արցախը հանձնելու համար թողություն խնդրել, իրենք կներե՞ն նրան, թե՞ այդ ծանր բեռը կթողնեն Աստծո վրա՝ թող ինքը ների, եթե կարող է։ Ի վերջո, Փաշինյանի մի քանի օր առաջ ԱԺ ամբիոնից հնչեցրած բառախաղի տրամաբանությամբ՝ կարող է ամեն անգամ մի բան հանձնել, հետո գալ ապաշխարել, հետո էլի հանձնել, էլի ապաշխարել, հետո մեկ ուրիշ մեղք գործել, ու նորից գալ ապաշխարել, հետո Էջմիածնի կեսը հանձնել, ու նորից գալ թողություն ստանալ, այնքան՝ մինչև ամբողջ Էջմիածինը հանձնի, և այլևս ապաշխարելու տեղ չթողնի։ 

Արշակ Սրբազանը, որն, ի դեպ, անցյալ տարի Սարդարապատում տեղի ունեցած միջադեպից հետո հեռակա և ոչ անվանական նզովել էր Նիկոլ Փաշինյանին, սկսեց ոլոր-մոլոր պատասխաններ տալ՝ մեկնելով, թե ինչ ասել է ապաշխարություն։

«Ապաշխարություն՝ չի նշանակում ընդամենը խոստովանություն։ Ապաշխարություն ասվածը բաղկացած է երեք բաղադրիչից․ առաջին՝ պետք է խոստովանես, երկրորդ՝ պետք է զղջաս, երրորդ՝ պետք է փոխհատուցես․ փոխհատուցել թե՛ ուղիղ, թե՛ այլաբանական իմաստով։ Այսինքն՝ փոխհատուցում կարող է լինել՝ հրաժարվելով այն առավելություններից, որոնք դու ձեռք ես բերել մեղքը գործելու արդյունքում»,-ասաց Արշակ Սրբազանը՝ բերելով նաև Դավիթ թագավորի օրինակը, երբ Դավիթն իր զինվորին ուղարկում է պատերազմ, որ զինվորը մահանա, և նա այդ զինվորի կնոջ հետ ամուսնանա։

Այսինքն՝ Դավիթը պետք է ապաշխարելով հրաժարվեր այն կնոջից, որին նա տիրացել էր այդ զինվորին սպանելու ճանապարհով։

«Այսինքն՝ ապաշխարելը հայտնի շուտասելուկի նման չի, էլի, ներողություն խնդրել՝ անել, ներողություն խնդրել՝ անել և այլն։ Սա այդ պրոցեսը չի, այդ պրոցեսը ենթադրում է խոստովանություն, զղջում և հատուցում։ Այսինքն՝ դու պետք է հրաժարվես այն առավելություններից, որոնք դու ձեռք ես բերել այդ մեղքը գործելու արդյունքում»,-ասաց նա։

Հիմա մնում է հասկանալ, թե Նիկոլ Փաշինյանն ինչ առավելություններ է ձեռք բերել, ասենք, Արցախը հանձնելու արդյունքում, փո՞ղ։ Ումի՞ց։ Տրամաբանորեն, Փաշինյանը առավելություն ձեռք բերելու արդյունքում է մեղք գործել, այսինքն՝ Արցախը հանձնել, այդ առավելությունն էլ իշխանություն ստանալն էր, որը եթե ինքը չունենար, ապա չէր կարողանա հանձնել Արցախը։ Բայց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի ասածը հակառակ տրամաբանությամբ է՝ Փաշինյանը մեղք գործելու, իմա՝ Արցախը հանձնելու արդյունքում է ինչ-որ առավելություններ ձեռք բերել։ Այդ առավելությունը կարող է լինել կա՛մ փողը, որը ենթադրաբար կարող է իրեն տված լինի, ասենք, Ալիևը՝ Արցախի դիմաց, կա՛մ իշխանության ամրապնդումը, որը գնահատման հարց է։ Մի խոսքով՝ Արշակ Սրբազանը խուսափեց ուղիղ ասել, թե եկեղեցին կների՞ Փաշինյանի մեղքերը, եթե նա որոշի խոստովանել դրանք, ապաշխարել և թողություն խնդրել, թե՞ Փաշինյանի գործած մեղքերն աններելի են և անգամ ամենակարող և բարեգութ Աստված գուցե չկարողանա ներել նրան։ Դատարանն ու տիկին դատախազը՝ գուցե, բայց Աստված ու եկեղեցին՝ երբեք։