Telegram-ը պատրաստ է լքել Ֆրանսիան. Դուրովն առաջին անգամ մեկնաբանել է իր ձերբակալությունը

Մանրամասներ
դուրով

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովն առաջին անգամ մեկնաբանել է իր ձերբակալությունը և հայտնել, որ Փարիզ ժամանելուց հետո 4 օր շարունակ հարցաքննվել է ոստիկանությունում, գրում է The Moscow Times-ը։

Նա ֆրանսիական իշխանությունների պնդումներն անվանել է «ապշեցուցիչ» և ասել, որ Telegram-ը համապատասխանում է օրենքներին, և մեսենջերն ունի ներկայացուցիչ ԵՄ-ում, ով պատասխանում է հարցումներին։ Փարիզը նաև Դուրովի հետ անձամբ կապ հաստատելու բազմաթիվ ուղիներ ունի, և նա մեկ անգամ չէ, որ այցելել է Արաբական Միացյալ Էմիրություններում Ֆրանսիայի հյուպատոսություն։ «Որոշ ժամանակ առաջ, երբ նրանք ինձ խնդրեցին, ես անձամբ օգնեցի նրանց Telegram-ով թեժ գիծ ստեղծել՝ Ֆրանսիայում ահաբեկչության սպառնալիքի դեմ պայքարելու համար»,- գրում է Դուրովը։

Նրա խոսքով, եթե երկիրը դժգոհ է ինտերնետ ծառայությունից, ապա ձեւավորված պրակտիկան ծառայության դեմ հայց ներկայացնելն է, այլ ոչ թե գլխավոր տնօրենին մեղադրել երրորդ անձանց կողմից կատարված հանցագործությունների մեջ։

«Երբեմն մենք չենք կարող համաձայնել երկրի կարգավորիչի հետ գաղտնիության և անվտանգության միջև ճիշտ հավասարակշռության վերաբերյալ: Նման դեպքերում մենք պատրաստ ենք հեռանալ այս երկրից։ Մենք դա արել ենք բազմիցս: Երբ Ռուսաստանը պահանջեց մեզնից հանձնել «գաղտնագրման բանալիներ»՝ հսկողությունը հնարավոր դարձնելու համար, մենք մերժեցինք, և Telegram-ն արգելվեց Ռուսաստանում: Երբ Իրանը մեզանից պահանջեց փակել խաղաղ ցուցարարների ալիքները, մենք մերժեցինք, և Իրանում արգելվեց Telegram-ը»,- օրինակներ է բերել Դուրովը։

Նա հավելել է, որ Telegram-ը պատրաստ է հեռանալ շուկաներից, որոնք անհամատեղելի են իր սկզբունքներին։ «Մենք դա փողի համար չենք անում»,- վստահեցնում է Դուրովը։