Իրանում արտահերթ նախագահական ընտրությունները, որոնք նշանակվել են մայիսին ավիավթարի հետևանքով երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահից հետո, մեկնարկել են ուրբաթ առավոտյան։
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին առաջիններից մեկն է, ով քվեարկել է ընտրություններում, հաղորդում են իրանական ԶԼՄ-ները։
Մայիսի 19-ին Իրանի հյուսիս-արևմուտքում ուղղաթիռի վթարի հետևանքով նախկին նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահից հետո, հանրապետության իշխանությունները, հետևելով սահմանադրությանը, հայտարարեցին նոր նախագահական ընտրությունների անցկացման մասին։ Սահմանադրության 131-րդ հոդվածի համաձայն՝ դրանք պետք է տեղի ունենան նախագահի մահվան կամ անգործունակության մասին հայտարարությունից և նրա պարտականությունները առաջին փոխնախագահին փոխանցելուց հետո 50 օրվա ընթացքում։ Այս պաշտոնը զբաղեցրել է փոխնախագահ Մոհամմադ Մոհբերը։
Նախագահի աթոռի համար պայքարին մասնակցում են ներքին գործերի նախկին նախարար Մոսթաֆա Փուրմոհամմադին, Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Սաիդ Ջալիլին, խորհրդարանի ներկայիս նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և առողջապահության և բժշկական կրթության նախկին նախարար, Իրանի խորհրդարանի անդամ Մասուդ Փեզեշկեան։
Քվեարկության առաջին արդյունքները կհրապարակվեն հունիսի 29-ին՝ մինչև կեսօր։
0Comments