Այս խիստ կենսական հարցը թողած եթերը լցրել են մի քանի տան հետ կապված քննարկումներով. Ո՞րն է լուծումը․ Քեռյան

Մանրամասներ
քպ

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ալմա Աթայի հռչակագիրը բավականին երկար ժամանակ ջրի երես էր բարձրացվել որպես հայ-ադրբեջանական սահմանային խնդիրների լուծման բանալի: Այդ հռչակագիրն ունի մի դրական կողմ, փաստում է միութենական հանրապետությունների տարածքային ամբողջականությունը:

Սակայն նրա կիրառումը սահմանային խնդիրների լուծման գործընթացում անարդյունավետ է, որովհետև տարածքային ամբողջականության ճանաչումը և սահմանագծման/սահմանազատման կոնկրետ գործընթացը չեն կարող ամբողջությամբ համապատասխանել միմյանց:

Անորոշության և տագնապի երկարատև ժամանակից հետո մի պահ հանգիստ շունչ քաշեցի, երբ հանրությանը տեղեկացվեց, որ սահմանների ճշտման հիմքը 1976թ. քարտեզներն են: Սակայն երեկ կարմիր Հ1-ով դիտեցի քարտեզագիր Ռոբերտ Գալչյանի հետ հաղորդումը և նորից անորոշություն և տագնապ: «Ոչ մի սանտիմետր», «ոչ մի միլիմետր» խոսույթը զրոյանում է, երբ տեսնում ես, թե ինչպես է դեպի Վրաստան տանող միջպետական մայրուղին մի քանի տեղ հատում Ադրբեջանի տարածքը: Հայաստանի արտաքին աշխարհի հետ կապող, տնտեսության կենսագործունեության միակ զարկերակը հայտնվում է հակամարտող պետության տարածքում:

Ստացվեց, որ «բոլոր ճանապարհները պետք է լինեն սուվերեն իշխանության տակ» նարատիվը շատ ավելի համապատասխանեց Ադրբեջանի շահերին: Այդ «հերոսացման» անմիջական արդյունքը Գորիս-Կապան շատ հարմարավետ ճանապարհի կորուստն էր և դրա հետ կապված նոր ճանապարհի շինարարության հսկայական ծախսերը:

Այդ նույն սցենարը կրկնվում նաև դեպի Վրաստան ճանապարհի ճակատագրի հարցում: Որն է լուծումը: Կամ իշխանությունները ստիպված ժամանակ են խնդրելու նոր ճանապարհային հատվածներ կառուցելու համար, կամ էլ ստիպված ենք լինելու որպես հիմնական կապուղի օգտագործել Շիրակից Բավրայի անցակետով դեպի Վրաստան տանող ճանապարհը: Այս խիստ կենսական հարցը թողած եթերը լցրել են մի քանի տան հետ կապված քննարկումներով:

Անհրաժեշտ է, որ պատկան մարմինները անմիջապես պարզաբանումներ տան գազատարի անվտանգության և նորմալ գործունեության երաշխիքների մասին:

Առայժմ հանրությունը այս պարզաբանումների կարիքն ունի, սահմանային լուծումների գործում ձեռք բերված «հաղթանակների» թմբկահարումները, դեռ ոգևորություն չեն առաջացնում»։

Գարիկ Քեռյան