Ուկրաինան մտադիր է մինչև ապրիլի վերջ պատրաստել 12 բրիգադ՝ յուրաքանչյուրը բաղկացած մոտ 4000 զինվորից, իսկ մայիսին նախատեսում է սկսել հակահարձակումը։
Այս մասին գրում է New York Times-ը՝ վկայակոչելով Պենտագոնի՝ համացանցում հայտնված գաղտնի փաստաթղթերը, ինչպես նաև այլ աղբյուրներ։
Ըստ հոդվածի՝ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի դաշնակիցները մարզում և անհրաժեշտ նյութերով են մատակարարում 9 ուկրաինական բրիգադ։
New York Times-ը նկատում է, որ թեև Ուկրաինան ԱՄՆ պաշտոնյաներին քիչ մանրամասներ է հաղորդում իր օպերատիվ ծրագրի մասին, սակայն, ամենայն հավանականությամբ, հակահարձակման գործողությունը տեղի կունենա երկրի հարավում, այդ թվում՝ Ազովի ծովի մոտ Ուկրաինայի ափամերձ հատվածում՝ Ղրիմից ոչ հեռու:
Ըստ Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ալեքսանդր Վերշբոուի, ամեն ինչ կախված է այս հակահարձակումից և կորոշվի՝ արդյոք Կիևի համար արժանապատիվ վերջնարդյունք կլինի՞ «ռազմադաշտում տարածքներ վերադարձնելու և շատ ավելի նշանակալի լծակներ ստեղծելու առումով՝ ինչ-որ բանակցային կարգավորման հասնելու համար»:
Թերթի հոդվածում նշվում է նաև, որ թեև ուկրաինացի պաշտոնյաներն ասում են, որ Զինված ուժերի նպատակն է «ճեղքել ռուսական պաշտպանությունը և ստեղծել ռուսական բանակի զանգվածային փլուզում», ԱՄՆ պաշտոնյաները քիչ հավանական են համարում, որ հակահարձակման արդյունքում իրավիճակը կտրուկ շրջվի Ուկրաինայի օգտին:
0Comments