ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը չի բացառում, որ կարող է փետրվարին Մյունխենում անվտանգության միջազգային կոնֆերանսում հանդիպում ունենալ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ:
Մնացականյանի խոսքով՝ հանդիպման մասին կհայտարարվի նախօրոք, եթե նման պայմանավորվածություն ձեռք բերվի:
«Մենք ունեցանք Փարիզի և Դավոսի հանդիպումները, որոնք շատ էական էին, այս հանդիպումների հիման վրա մենք համանախագահների հետ խորհրդակցում ենք և խոսում ենք` ինչպես շարժվել առաջ: Ոչինչ չի բացառվում, ինչպես ավանդույթն է՝ հայտարարում ենք հանդիպումների մասին համատեղելուց հետո, ժամկետները փորձում ենք համաձայնեցնել և տեղեկացնել մեր հասարակություններին»,- ասաց նա:
Անդրադառնալով վերջին օրերի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի ռազմատենչ երանգներ ունեցող հայտարարություններին և դրանք խաղաղության հետ համատեղելու հնարավորություններին, Զոհրաբ Մնացականյանն ասաց, որ հայկական դիրքերը և վստահությունը՝ դիրքերի հարցում, եղել և մնում է շատ բարձր:
«Մեր դիրքորոշումները բոլորին ավելի քան պարզ են, ավելի քան հայտնի են, Դուք գիտեք՝ ինչպես ենք մենք վերաբերվում ստատուսին, Դուք գիտեք` ինչպես ենք մենք վերաբերվում անվտանգությանը, ստատուսի հարցը, կրկնում եմ՝ որոշում է ԼՂ ժողովուրդը, անվտանգությունը նշանակում է, որ այն համակարգը, որն այսօր գոյություն ունի, ապահովում է համապարփակությունն անվտանգության: Ես կարիք չունեմ ասելու, թե որքան վճռական ենք մենք և որքան կարողություններ ունենք պաշտպանելու թե՛ ԼՂ-ն, թե՛ Հայաստանը»,- փաստել է Մնացականյանը:
0Comments