Պոլինեզիա խաղաղօվկիանոսյան կղզիախմբի Տոնգայի թագավորությունն ամբողջությամբ զրկվել է ինտերնետ կապից, երբ նավերից մեկի խարիսխը պատահմամբ կտրել է կղզին ամբողջ աշխարհին միացնող ստորջրյա մալուխը, հաղորդում է Fox News հեռուստաալիքը:
Պատահարն իսկական քաոս է առաջացրել երկրում: Բնակիչները ոչ միայն չեն կարող մուտք գործել սոցկայքեր, այլև խաթարվել է էլեկտրոնային նամակների, թռիչքների ամրագրման, բիզնես գործարքների և այլ կարևոր համակարգեր:
Մալուխը նորոգելու համար հատուկ նավը կուղարկվի միայն հաջորդ շաբաթ, իսկ մինչ այդ մայրաքաղաք Նուկուալոֆայում արբանյակային ափսե է տեղադրվել: Համացանց մուտք գործելու համար հարյուրավոր մարդիկ են հավաքվել կառավարական շենքի մոտ, որտեղ ազդանշանն ամենաուժեղն է:
«Հարկավոր է միայն 20 րոպե հերթ կանգնել: Հիմա Տոնգայում շոգ է, սակայն դրսում վրաններ ու աթոռներ են տեղադրվել, որպեսզի մարդիկ կարողանան սպասել իրենց հերթին»,- ասել է Տոնգայի ոստիկանության խոսնակը:
Տոնգան 169 կղզուց բաղկացած կղզիախումբ է՝ 100 հազար ընդհանուր բնակչությամբ: Թագավորությանը պատկանող կղզիների մեծ մասը բնակեցված չէ:
Տոնգայի թագավորությունը զրկվել է ինտերնետից
Երկրում քաոսային իրավիճակ է
0Comments