Վաղը կառավարությունը հերթական նիստին կքննարկի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի անձնագիր կրող քաղաքացիների համար առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ սահմանելու մասին որոշման նախագիծը:
Այս որոշումը մշակվել է ՀՀ և ՉԺՀ Հոնգկոնգ ՀՎՇ անձնագիր կրող քաղաքացիների համար փոխադարձության սկզբունքի հիման վրա առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ սահմանելու վերաբերյալ առաջարկի հիման վրա:
Ըստ հիմնավորման` Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև հարաբերություններն ու բազմակողմ համագործակցության դինամիկան տարեցտարի արձանագրում է նոր առաջընթաց: Ավելանում է տարածաշրջանից, ինչպես զբոսաշրջային, այնպես էլ գործնական նպատակներով Հայաստան ժամանողների թվաքանակը: ՀՀ և ՉԺՀ միջև ներկայումս քննարկվում է ուղիղ չվերթներ սկզբնավորելու հարցը: Բացի այդ, առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ սահմանելու վերաբերյալ բանակցություններ են սկզբնավորվել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ: Որոշումն ընդունելուց հետո կհստակեցվեն միմյանց տարածքներում իրենց քաղաքացիների գտնվելու թույլատրելի ժամկետները
Ռեժիմի փոխադարձ կիրառումը ոչ միայն կնպաստի զբոսաշրջության խրախուսմանն ու խթանմանը, այլև կդյուրացնի ՀՀ քաղաքացիների գործարար և աշխատանքային գործունեությունը Չինաստան, Հոնգկոնգ և այլ հարակից երկրների տարածքում:
Որոշման նախագիծը նպատակ է հետապնդում աշխուժացնել Հոնգկոնգից Հայաստան զբոսաշրջային ներհոսքի ավելացումը, ինչպես նաև առևտրատնտեսական կապերը:
0Comments