Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցությունը պատրաստվում է անվստահություն հայտնել վարչապետ Թերեզա Մեյի Պահպանողական կուսակցության անդամներից բաղկացած կառավարությանը, գրում է rt.com-ը՝ հիշեցնելով, որ նախօրեին Համայնքների պալատը մերժել էր վարչապետի՝ «Brexit»-ի հարցով ԵՄ-ի հետ կնքած համաձայնագիրը:
Այժմ լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Քորբինը հանդես է եկել անվստահության քվե հայտնելու առաջարկով: Եթե Համայնքների պալատի անդամների մեծամասնությունը կողմ քվեարկի, ապա Մեյին պաշտոնավարելու համար ընդամենը 14 օր կմնա:
Հայտնի է, որ անվստահության քվե հայտնելու հարցով քվեարկությունը տեղի է ունենալու հունվարի 16-ին:
Մինչդեռ The Guardian-ի փոխանցմամբ՝ Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, անդրադառնալով իրավիճակին, քողարկված ակնարկ է արել Մեյին՝ կոչ անելով չլքել ԵՄ-ն:
Նա ենթադրել է, որ վարչապետի երեկվա պարտությունն ու Համայնքների պալատի կողմից համաձայնագրի մերժումը կհանգեցնի նրան, որ «Brexit» տեղի չի ունենա:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալու հարցով համազգային հանրաքվեն կայացել էր 2016թ.: Բրիտանացիների մեծ մասն այն ժամանակ քվեարկել էր ԵՄ կազմը լքելու օգտին: Սակայն ներկայում այս հարցով երկրորդ հանրաքվեն անցկացնելու կոչերն ավելի հաճախ են հնչում:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը պատրաստվում է անվստահություն հայտնել Մեյի կառավարությանը
Տուսկն էլ իր հերթին կոչ է արել չլքել ԵՄ-ն
0Comments