Բանավեճ Սասուն Միքայելյանի և Էդմոն Մարուքյանի միջև

Մյուս անգամ իմ խոսելու ժամանակ չմիջամտե՛ք

Այսօր տեղի ունեցած ԱԺ նիստում բանավեճ տեղի ունեցավ  «Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանի ու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի միջև: Պատճառը Մարուքյանի արձագանքն էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արման Աբովյանին, թե ով պիտի լինի ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակ:

«Մենք ձեզ հետ կռիվ չունենք, դուք չեք որոշելու, իրենք են որոշելու, կռիվը և պատասխանատվության ամբողջ բեռն իրենց վրա է, իրենք պետք է պատասխան տան, թե ինչու այսպես, ոչ այնպես»,- ասաց Մարուքյանը:

Սասուն Միքայելյանը հետաքրքրվեց` ովքե՞ր են «իրենք», ինչին Մարուքյանը պատասխանեց.

«Քաղաքական մեծամասնությունը»:

Այս պատասխանը զայրացրեց Միքայելյանին, ով տեղից սկսեց արձագանքել Մարուքյանի պատասխանին:

«Մյուս անգամ իմ խոսելու ժամանակ չմիջամտե՛ք, գրանցվե՛ք, եթե բան ունեք ասելու, ո՞նց ա, որ մենակ Դուք վիրավորվեցիք»,- ասաց Մարուքյանը:

Նա նշեց, թե Սասուն Միքայելյանն իր` բանախոսի հետ բանավեճի մեջ է մտել:

«Ես Ձեզ շատ լավ եմ ճանաչում, Դուք էլ ինձ մյուս անգամ, երբ ես բան եմ խոսում, խնդրում եմ չմիջամտել: Ես ամենայն հարգանքով եմ արտահայտվել, եթե դուք վիրավորվել եք «իրենք»-ից, ես կարող եմ ներողություն խնդրել, բայց այդտեղ դուրս կգա, որ միայն Դուք վիրավորվեցիք: Ինչ-որ մեկն ավելի շատ չի պաշտպանում ինքնասիրությունը, քան մյուսները, բոլորը մեր գործընկերներն են, պետք չէ ուրիշ դաշտ տանել»,- ասաց Մարուքյանը: