Սամվել Մայրապետյանը չի կարող լքել ՀՀ տարածքը. ՀՔԾ

Նման փորձը կդիտվի որպես խափանման միջոցի պայմանի խախտում

Խոշոր գործարար Սամվել Մայրապետյանը չի կարող լքել ՀՀ տարածքը:

«Հայկական ժամանակի»  հարցին ի պատասխան ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանն ասաց, որ, թեեւ անձնագիրը հետ է վերադարձվել, սակայն պաշտպանական կողմին միաժամանակ հայտնվել է, որ Մայրապետյանը չի կարող լքել ՀՀ տարածքը, եւ նման փորձը կդիտվի որպես խափանման միջոցի պայմանի խախտում, ինչի պարագայում կքննարկվի նրան կրկին կալանավորելու միջնորդություն ներկայացնելու հարցը:

Հիշեցնենք, որ այսօր ՀՔԾ-ն վերադարձրել էր գրավի դիմաց ազատ արձակված գործարարի անձնագիրը:

Ավելի վաղ Մայրապետյանի պաշտպանները հայտարարել էին, որ անձնագիրը անհիմն կերպով ՀՔԾ-ում պահելու հարցով դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Նրանք տարեվերջին ահազանգում էին, որ Սամվել Մայրապետյանը կարիք ունի շտապ բժշկական միջամտության Գերմանիայում՝ կյանքի ցուցումով: