Հունվարի 8-ին ավարտվեցին ամանորյա արձակուրդները, և երկիրը կրկին ընկղմվեց բնականոն աշխատանքային օրակարգի մեջ: Սակայն ասել, որ հանգստյան օրերը զերծ էին տարատեսակ զարգացումներից, ճիշտ չի լինի: Մասնավորապես, երկարատև քննարկումներից հետո վերջապես ավարտին մոտեցան բնակչությանը ամենաշատ հուզող թեմաներից մեկի՝ գազի գնի վերաբերյալ քննարկումները: Առաջ ընկնելով՝ ասենք, որ այս տարվա հունվարի 1-ից գազը Հայաստանի համար թանկացավ 15 դոլարով, և դա եղավ այն պարագայում, երբ ստեղծված նախադրյալներն ու սպասելիքները բացարձակապես այլ էին:
Դեռևս սեպտեմբեր ամսին մեր կողմից հրապարակված «Հայաստանի «թանկ» գազը: Ի՞նչ ակնկալել սակագնի վերաբերյալ քննարկումներից» վերտառությամբ հոդվածում արդեն անդրադարձել ենք այն նախադրյալներին, որոնք առկա էին Հայաստանին մատակարարվող գազի գինը նվազեցնելու համար: Ընդ որում, այդ նախադրյալների մասին խոսում էր նաև գործող իշխանությունը: Հիմնական նախադրյալը, իհարկե, փոխարժեքի փոփոխությունն է, և ինչպես երևում է գծապատկերից՝ բնական գազի համաշխարհային գների էժանացումը:
Սակայն նախորդ ամիսների զարգացումները ցույց տվեցին, որ իշխանությունը ոչ միայն չկարողացավ օգտագործել ստեղծված նախադրյալները, այլև դրա փոխարեն՝ որդեգրեց մանիպուլյացիաների գործելաոճը՝ աստիճանական շեղելով հանրային կարծիքը, ինչի արդյունքում գազի գնի վերաբերյալ իշխանական մոտեցումներն անցան մի քանի փուլերով:
Այսպես. նախ և առաջ՝ իշխանությունը նշում էր, որ կան բոլոր նախապայմանները գազի գնի նվազեցման համար: Ավելին՝ այդ նպատակով ՀՀ վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 20-ի 1247-Ա որոշմամբ ստեղծվեց աշխատանքային խումբ, որը պետք է իրականացներ բնական գազի գնի ձևավորման վրա ազդեցություն ունեցող բաղադրիչների և գործոնների ամբողջական ուսումնասիրություն: Ավելի ուշ նմանատիպ հանձնաժողով ձևավորվեց նաև Ազգային ժողովում, որն իր նիստերն ու քննարկումները անցկացրեց դռնփակ:
Ամենաբարձր մակարդակով ստեղծված այս 2 հանձնաժողովներն իրենց աշխատանքները շարունակեցին մինչև դեկտեմբեր, սակայն, թե ինչ քննարկումներ ունեցան, ինչ արդյունքների հանգեցրին այս հանձնաժողովի աշխատանքները, այդպես էլ հասարակության համար հասանելի չդարձավ:
Գազի գնի վերաբերյալ իշխանական քննարկումների հաջորդ մակարդակն արդեն կրում էր գազը չի թանկանա շեշտադրումը: Դա ընդգծված էր և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հայտարարություններում, և իշխանության ներկայացուցիչների ելույթներում ու լրատվականներին տրված հարցազրույցներում: Արդեն դեկտեմբերի վերջին օրերին Մոսկվա մեկնող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան լայվի միջոցով հույս էր հայտնում, որ գազի գնի վերաբերյալ կլինեն դրական զարգացումներ, կամ գոնե բացասական զարգացումներ չեն լինի՝ այդպիսով հստակ արձանագրելով, որ էժանացում հաստատապես չի լինելու, և պետք է հուսանք, որ գոնե կխուսափենք թանկացումից:
Այս ամբողջ ընթացքում կառավարությունն օգտագործեց մանիպուլյացիոն մի մեխանիզմ, արդյունքում, եթե հանրության մոտ սեպտեմբեր ամսին կային էժանացման սպասումներ, ապա դեկտեմբերի վերջին օրերին արդեն «աղոթում էինք», որ բնական գազը շատ չթանկանա:
Երբ այս ամենից հետո արդեն պարզ դարձավ, որ այնուամենայնիվ գազը թանկանալու է՝ 1000 խորանարդ մետրի համար 150 դոլարից դառնալով 165 դոլար, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շրջանառության մեջ դրեց նոր շեշտադրում, համաձայն որի՝ սպառողների համար գազը չի թանկանա:
Ֆորմալ առումով համաձայնելով այս մոտեցման հետ, որ փաստացի քաղաքացիներին մատակարարվող գազի գինը չի փոխվի, այնուհանդերձ պետք է փաստենք, որ տնտեսական առումով անհնար է, որ Հայաստան մտնող գազի գնի փոփոխությունը չազդի երկրի տնտեսական համակարգի վրա: Այնուհանդերձ հայտարարությունը հիմք ընդունելով՝ պետք է փաստենք, որ կա զարգացումների 3 հավանական սցենար, որոնցից յուրաքանչյուրը կունենա իր բացասական էֆեկտը տնտեսության համար.
Սցենար 1: Գազը չի թանկանում քաղաքացիների համար, սակայն թանկանում է բիզնեսի համար: Այս սցենարի դեպքում թեև քաղաքացիներն անմիջապես չեն զգա գազի թանկացումը, սակայն դա կզգան ապրանքների գների բարձրացման արդյունքում, քանի որ բիզնեսի համար գազի գնի թանկացումը կհանգեցնի գրեթե բոլոր ապրանքների թանկացման: Ներքին շուկայից բացի, բացասական էֆեկտ կունենա նաև արտաքին շուկայում, քանի որ տեղական ապրանքները կունենան ավելի բարձր ինքնարժեք, ինչը կհանգեցնի տեղական արտադրանքի մրցունակության նվազմանը:
Սցենար 2. Փոփոխության են ենթարկվելու «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում կիրառվող նորմատիվները: Այս տարբերակը, ըստ իս, հանդիսանալով ամենահավանական սցենարը, ևս ունի իր բացասական կողմերը, որը կզգացվի նախ և առաջ պետական բյուջեի եկամուտների մեջ: Ինչպես հայտնի է՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հանդիսանում է մեր երկրի խոշորագույն հարկատուներից մեկը, և նորմատիվների փոփոխությունը, այդ թվում՝ շահույթի նվազեցումը, հանգեցնելու է նաև հարկային վճարների կրճատման, ինչն ուղակիորեն ազդելու է պետբյուջեի եկամուտների վրա:
Սցենար 3. Պետությունը փոխհատուցելու է առաջացած տարբերությունը: Սա, թերևս, այլընտրանքային վերջին տարբերակն է, որի պարագայում կամ գնի տարբերությունը սուբսիդավորվում է պետական բյուջեից, կամ այն կուտակվում է որպես պարտք, և վճարումը կատարվում է հետագայում որևէ միջոցով: Այս սցենարի ականատեսը մենք մեկ անգամ արդեն եղել ենք ոչ վաղ անցյալում, և բացասական կողմերը ևս ծանոթ են բոլորին:
Թե այս սցենարներից որով է առաջ շարժվելու կառավարությունը, դեռևս պարզ չէ, սակայն մի բան հստակ է, որ մեր երկրի համար այս տարվա հունվարի 1-ից գազը թանկացել է: Բազմիցս տարբեր վերլուծականներում նշել եմ, որ ՌԴ-ի համար բնական գազը տնտեսական առումով ապրանք հանդիսանալու և գնագոյացման հստակ համակարգ ունենալուց զատ, նաև լուրջ քաղաքական գործիք է, և վերջին զարգացումները ևս դրա մի վառ օրինակ է, երբ փաստացի ունենալով էժանացման նախադրյալներ տնտեսական համակարգում, ունենում ենք հակառակ պատկերը քաղաքական որոշման արդյունքում: Այո, ռուսական գազի գինը եղել է, կա և մոտ ապագայում ևս կմնա քաղաքական, և Հայաստան մատակարարվող գազի գնի բանակցությունները ոչ այլ ինչ էր, քան քաղաքական պայքար, և այս պայքարում մենք պարտվեցինք:
Հայկ Բեջանյան
168.am
0Comments