Այս տարի եղան քաղաքական ցնցումներ եւ հասարակական տեղապտույտներ, տեղի ունեցավ իշխանափոխություն, որը կոչվեց հեղափոխություն․ Ամանորի ուղերձում ասել է Դավիթ Շահնազարյանը՝ գնահատելով անցնող տարվա քաղաքական իրադարձությունները․ «Հասարակությունում կար մեծ դժգոհություն իշխանությունների նկատմամբ, որը կուտակվել էր տարիների ընթացքում, այդ դժգոհությունը վերածեցին համատարած ատելության, եւ արդյունքում՝ սիրո փոխարեն ատելություն, համերաշխության փոխարեն մասնատված հասարակություն։
Անցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ընտրություններն ուղեկցվում էին վարչական ռեսուրսի աննախադեպ օգտագործմամբ, իրավապահ մարմինների կողմից քաղաքական հետապնդումներով, ընտրություններն անցան կեղծիքներով, արդյունքում ունեցանք խորհրդարան, որը քաղաքական մարմին չէ, այլ վերածվել է գործող իշխանության, ավելի ճիշտ՝ մեկ անձի քվեարկության վարչության ընդամենը։ Բազմաթիվ խոստումները, որոնք տրվել էին հասարակությանը, ոչ մի կերպ չեն կատարվել, եւ մենք այսօր ունենք թուլացած պետականություն, մասնատված հասարակություն, օրենքի փոխարեն մեկ անձի կամք, եւ արդարադատության փոխարեն մեկ անձի կարծիք, ունենք քաղաքական մեկուսացում, ըստ էության՝ ոչ միայն մեր բոլոր հարեւանների կողմից, այլեւ մեր դաշնակիցների եւ գործընկերների կողմից»։
Սակայն, ըստ Շահնազարյանի, գլխավոր վտանգը սպառնում է Արցախին․ «Ամենամեծ վտանգը, որ այսօր կա, Աևցախի Հանրապետության վրա կախված վտանգն է, եւ այդ վտանգը գալիս է ոչ թե Ադրբեջանից կամ Թուրքիայից, այդ վտանգը Հայաստանի գործող իշխնություններն են։ Բանակցային գործընթացում մենք ունենք արդեն անշրջելի կորուստներ, իշխանության գործնեության արդյունքում՝ մայիսից մինչեւ այսօր, միայն Նախիջեւան-Հայաստան սահմանագծում հակառակորդը վերահսկողություն է սահմանել մի քանի հազար հեկտարի վրա, Արցախի եւ Ադրբեջանի շփման գծում հակառակորդը մեծ արագությամբ նորանոր ռազմական շինություններ է պատրաստում, որոնք ունեն հարձակողական բնույթ»։
Դավիթ Շահնազարյանը կոչ արեց 2019-ը դարձնել Արցախի պաշտպանության եւ միջազգային ճանաչման տարի․ «Ես դիմում եմ ՀՀ քաղաքացիներին, ես դիմում եմ ԱՀ քաղաքացիներին եւ սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին, մեզ անհրաժեշտ է լինելու մեր միասնականությունը, այն միասնականությունը, որը մենք ցուցաբերեցինք 1988 թվականին, այն միասնականությունը, որը մենք ցուցաբերեցինք 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ։ Շնորհավորելով բոլորիդ Նոր տարին՝ ես կոչ եմ անում, որ 2019-ը, որը շատ բարդ տարի է լինելու մեր բոլորի համար, դարձնել Արցախի պաշտպանւթյան տարի։ Ես դիմում եմ առաջին հերթին սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին, սփյուռքի բոլոր կազմակերպություններին, հատկապես Արեւմտյան Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների կազմակերպություններին, կոչ եմ անում 2019 թվականը դարձնել Արցախի միջազգային ճանաչման տարի, բոլոր ուժերը եւ ջանքերը ներդնել այդ ուղղությամբ եւ աշխատել ձեր երկրներում հնարավորինս արդյունավետ։ Արցախը ունի մեր բոլորի պաշտպանության կարիքը։ Ես շնորհավորում եմ առաջին հերթին մեր սպաներին եւ զինվորներին, որոնք առաջին գծում են, եւ ուզում եմ վստահություն հայտնել, որ մենք իրար հետ կկարողանանք չեզոքացնել բոլոր այդ վտանգները»։
0Comments