Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հերթական անգամ հանդես են եկել Կերչի նեղուցով նավերի ազատ անցումն ապահովելու եւ ուկրաինացի նավաստիներին ազատելու պահանջով: Համատեղ հայտարարության տեքստը դեկտեմբերի 28-ին Բեռլինում կայացած բրիֆինգում ընթերցել է ԳԴՀ-ի նախարարների կաբինետի ներկայացուցիչ Ուլրիկե Դեմերը՚
«Մենք Կերչի նեղուցով ազատ ու անարգել անցում ենք պահանջում բոլոր նավերի համար, ինչպես նաեւ անօրինականորեն ձերբակալված նավաստիների անվերապահ ազատում»,-ասված է հայտարարության մեջ: Նախագահի եւ կանցլերի կարծիքով, նավաստիները պետք է առաջիկա տոները դիմավորեն ընտանիքի շրջապատում: Մերկելը եւ Մակրոնը հերթական անգամ անհանգստություն են հայտնել նեղուցում «ռազմական ուժի կիրառման» կապակցությամբ:
Նոյեմբերի 25-ին Ուկրաինայի ռազմածովային ուժերի երեք նավեր խախտել են ՌԴ-ի տարածքային ջրերով անցնելու կարգը Սեւ ծովից Ազովի ծով նավարկելիս: Նավերը կալանվել են զենքի կիրառմամբ, իսկ անձնակազմի 24 անդամներ Սիմֆերոպոլի դատարանի կողմից ձերբակալվել են ՌԴ-ի պետական սահմանն անօրինականորեն հատելու մեղադրանքով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
0Comments