Ասում ենք՝ «Ռուսաստան», հասկանում ենք՝ «Գազպրոմ», համարյա Լենինի և կուսակցության նման

Նիկոլ Փաշինյանը ստիպված են գնալ Մոսկվա և համոզել Պուտինին չբարձրացնել գազի գինը կամ առնվազն հետաձգել թանկացնելու որոշումը մինչև գարուն

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․

«Մենք ասում ենք՝ «Ռուսաստան», հասկանում ենք՝ «Գազպրոմ» և «Ռոսնեֆտ», ասում ենք՝ «Գազպրոմ» և «Ռոսնեֆտ», հասկանում ենք՝ «Ռուսաստան», համարյա Լենինի և կուսակցության նման: Այդ երկիրը չի կարող պարծենալ իր համակարգչային ծրագրերով, բջջային հեռախոսներով, նորմալ ավտոմեքենաներով կամ որակյալ կրթությամբ (ռուսաստանցի մեծահարուստներն ու բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց երեխաներին սովորելու են ուղարկում «հոգևոր արժեքներից զուրկ» Արևմուտք): Փոխարենը Ռուսաստանն ունի նավթ և գազ, ինչպես նաև արտադրում է մեծ քանակությամբ մահաբեր զենք: Դրանք գործիքներ են, որոնց միջոցով Կրեմլն իրականացնում է իր քաղաքական ծրագրերը: Առաջինն այդ շարքում, իհարկե, գազն է:

«Գազային ճնշում» գործադրվում է նաև Հայաստանի հանդեպ, բայց մեր երկիրն այդ տեսակ թիրախների շարքում, բնականաբար, առաջինը չէ՝ մասնավորապես, այն պատճառով, որ սպառողների թիվն է համեստ: Բելառուսը, Ուկրաինան, եվրոպական երկրները դեռևս շարունակում են կախման մեջ լինել ռուսական գազից, և այդ հանգամանքը չի կարող իր դերը չխաղալ Ռուսաստանի և այդ երկրների հարաբերություններում: Պետք է արձանագրել, որ Ռուսաստանից «գազային կախում» ունենալու հարցում կա նաև հայկական կողմի սխալ քաղաքականության գործոնը: Մենք էլ մեր կողմից ամեն ինչ արել ենք այդ կախվածությունը խորացնելու համար՝ 2000-ականների սկզբից ամեն ինչ գազիֆիկացնելով, ինչպես նաև «մեր ձեռքով» զրկելով մեզ «իրանական այլընտրանքից»:

Ասելով «մենք»՝ նկատի ունեմ, իհարկե, իշխանությանը՝ պարզապես չեմ ուզում մտնել «թրենդի» մեջ և հավելյալ քարեր շպրտել նախորդ իշխանությունների հասցեին: Փաստն այն է, որ Հայաստանի բոլոր ղեկավարները՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և հիմա արդեն, ենթադրում եմ, նաև Նիկոլ Փաշինյանը ստիպված են գնալ Մոսկվա և համոզել Պուտինին չբարձրացնել գազի գինը կամ առնվազն հետաձգել թանկացնելու որոշումը մինչև գարուն: Հարցը լուծվում է Պուտինի քաղաքական որոշմամբ՝ դա «մաքուր բիզնես» չէ, ինչպես այդպիսին չէ Ադրբեջանին զենք վաճառելը: Պուտինը երբեմն ընդառաջ է գնում մեր ղեկավարների խնդրանքներին, երբեմն մերժում է: Բայց երբ ընդառաջ է գնում, պետք է կարծել, որ դրա դիմաց ինչ-որ բան է ուզում:

Օրինակ՝ վարչապետ նշանակել նույն «Գազպրոմի» ներկայացուցիչ Կարեն Կարապետյանին: Կամ ավելի վատ՝ Արցախի հարցում ինչ-որ զիջումներ: Բայց այս պահին քանի որ Հայաստանի ներկայիս ղեկավարն արտահայտում է մեր երկրի քաղաքացիների ճնշող մեծամասնության կամքը, նա կարող է Պուտինի հետ «գազային» զրույցում լինել առավել անկաշկանդ և գազը չթանկացնելու դիմաց ոչ բանական գին չվճարել: Այդ առումով, կարծում եմ, մենք բոլորս նրա թիկունքում ենք»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։