«Դիրքապահ. քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» ՀԿ ղեկավար Մանուել Մանուկյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր մտահոգությունն է հայտնել Մանվել Գրիգորյանի ազատման վերաբերյալ:
Վերջինս նշել է, որ Մանվել Գրիգորյանն իր բոլոր հանցանքների համար պետք է պատասխան տա և պետք է անհապաղ կալանավորվի:
«Կրկնակի մտածելու տեղիք է տալիս այն, որ երբ դուրս եկավ, լրագրողի հարցին, թե ինչպես է, շատ հպարտ պատասխանեց` շատ լավ, աղջիկ ջան: Կրկնակի մտահոգիչ է նաև այն իմաստով, որ այսօր կան մարդիկ, ովքեր նույնպես գողացել են, բայց նրանց հանցանքի մասին դեռ հայտնի չէ, նրանք կմտածեն, որ եթե Մանվել Գրիգորյանը կարողացել է գողանալ, հասարակությունը գիտի, բայց նա այժմ գտնվում է ազատության մեջ, ապա իրենց համար ամեն ինչ շատ հանգիստ կլինի, խնդիրներ չեն ունենա: Պետք է կալանավորվեն, ձերբակալվեն բոլոր նրանք, ովքեր կերել են զինվորի բաժինը»,-ասել է նա:
Մանուել Մանուկյանի խոսքով` Մանվել Գրիգորյանի ազատության մեջ լինելու հանգամանքը առաջին հերթին վիրավորանք պիտի լինի իրավապահ կառույցների համար, ինչպես նաև կառավարության, վարչապետի համար:
«Մենք շատ մտահոգված ենք, լուրջ ենք տրամադրված, պատրաստ կլինենք դուրս գալու փողոց և կոչեր անելու, որ մեր ժողովուրդը միանա մեզ արդարադատության վերականգման համար: Պայքարը սկսել ենք դեռևս Ապրիլյան պատերազմի օրերից»,-նկատեց նա:
Մանուել Մանուկյանը հիշեցրեց, որ Մանվել Գրիգորյանի գործը ոչ միայն իրավական հարթությունում է, այլ բարոյահոգեբանական, մի պահ պետք է պատկերացնել այն ծնողների վիճակը, որոնք Ապրիլյան պատերազմում որդի են կորցել և գիտեն, որ իրենց զինվորի բաժինը ժամանակին տեղ չի հասել:
0Comments