«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ուրբաթ օրը, դատարանի որոշմամբ, փոխվել է ԱԺ պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը՝ կալանքը, եւ նա 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել: Որպես պաշտոնական պատճառ` նշված է նրա առողջական վիճակը. դատարան են ներկայացվել բժշկական փաստաթղթերը, որոնց համաձայն՝ Մ. Գրիգորյանի առողջական վիճակը անհամատեղելի էր նրան կալանքի տակ պահելու հետ:
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Գրիգորյանին ազատ արձակելը եւս մեկ հանգամանքի հետ է կապված. նրա դեմ հարուցված քրեական գործով նախաքննությունը արդեն մոտեցել է ավարտին, եւ առաջիկայում նախաքննական մարմինն այն կուղարկի դատարան: Մինչ այդ տեղեկացնենք, որ դատախազությունը վերաքննիչ դատարանում բողոքարկել է Գրիգորյանին ազատ արձակելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումը: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մեկնաբանմամբ՝ Գրիգորյանը կխոչընդոտի նախաքննության իրականացմանը, բայց հաշվի առնելով փաստը, որ նախաքննությունը գրեթե ավարտվել է` այս պնդումը հիմնավոր չէ:
Լավագույն դեպքում նա կարող է որոշակի ազդեցություն ունենալ դատավարության մասնակիցների՝ վկաների վրա, բայց այս ողջ աղմուկից հետո հազիվ թե Գրիգորյանը նման փորձեր անի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
0Comments