Հեղափոխությունն ավարտվել է, և ճիշտ չէ հեղափոխությունն այդքան մարդկանց երեսով տալը. Մարուքյան

Չի կարելի այդքան իջեցնել դեբատի սանդղակը

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ-ում անդրադարձավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր  Էդգար Առաքելյանի քննադատական ելույթին, որի հասցեատերը «Լուսավոր Հայաստանի» պատգամավորներն էին: 

Վերջինս նշեց, որ հեղափոխությունն ավարտվել է, և ճիշտ չէ հեղափոխությունն այդքան մարդկանց երեսով տալը:

«Փաշինյանը, որ հեղափոխությունը նախաձեռնել, առաջնորդել ու ավարտին է հասցրել, այդքան չի խոսում դրա մասին ու մարդկանց երեսով չի տալիս, որքան նրանք,  ովքեր կապ չունեն հեղափոխության հետ, ուղղակի այսօր բախտի քմահաճույքով տեղավորված ու դասավորված են հեղափոխության շարքերի մեջ: Այդ մարդիկ փորձում են մեզ ինչ-որ բաներ հիշեցնել, մեր գործընկերոջ քթից խոսել, ասել այս բարձր ամբիոնից, այդքան իջեցնել դեբատի սանդղակը, սա, կարծում եմ՝ անընդունելի է, բայց մենք ներողամիտ ենք: Հասկանում ենք, որ նոր են, անփորձ են, եւ շփոթված մարդու վրա չենք հարձակվում, ասում՝ արի քեզ ոչնչացնենք»,-ասաց Մարուքյանը:

Նիշենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը հայտարարել էր, որ ԼՀԿ-ի պատգամավորները «սգո սերվիս» դեմքերով ու ձայներով ելույթներ են ունենում, մինչդեռ հեղափոխության ժամանակ խանգարել են հեղափոխությանը: