«Փաստ»-ը գրում է. «ԱԺ-ում փետրվարի 4-ին արտգործնախարարի հետ տեղի ունեցած հանդիպումն այդքան էլ չի գոհացրել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներին: Նեղ շրջանակներում նրանք դժգոհել են, որ նախարարը հավուր պատշաճի չի ներկայացրել արտաքին քաղաքականության մանրամասները եւ սիրողական մթնոլորտում կենցաղային մակարդակի քննարկում է անցկացրել: Այլ կերպ ասած՝ ոչ թե մասնագիտական, այլ սիրողական մակարդակի հանդիպում է եղել»,-գրում է թերթը:
«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ Սերժ Սարգսյանն այցելել է ՀՔԾ ու բավականին երկար մնացել այնտեղ։ Երրորդ նախագահի համար պրոֆեսիոնալ իրավաբանների թիմ է ստեղծվել, որոնք այս օրերին կոնսուլտացիաներ են անցկացնում նրա հետ, թե ինչպես պահի իրեն հարցաքննության ժամանակ։ Թիմը գլխավորում են արդարադատության երկու նախկին նախարարներ Դավիթ Հարությունյանն ու Արփինե Հովհաննիսյանը, որոնք երկուսն էլ իշխանափոխությունից հետո լծվել են իրավապաշտպան գործունեության։ Դավիթ Հարությունյանն Արփինե Հովհաննիսյանի հետ իրավախորհրդատվական ընկերություն է բացել։ Նախօրեին Սերժ Սարգսյանի «պաշտպանական» թիմը հավաքվել է ՀՀԿ գրասենյակում ու բավականին երկար քննարկում արել նրա հետ։ Ներկա են եղել նաեւ այլ իրավաբաններ, փաստաբաններ։ Դավիթ Հարությունյանը, սակայն, երեկ կցկտուր հերքել է, թե իրենք են զբաղվում Սերժ Սարգսյանի պաշտպանությամբ։ «Չէ, չեմ պատասխանի էդ հարցին։ Ընդհանրապես, Սերժ Սարգսյանին հարցաքննության կանչել-չկանչելու վերաբերյալ որեւէ մեկնաբանություն չունեմ։ Սխալ է քո ինֆորմացիան»,- ասել է Հարությունյանը»։
«Հրապարակ»-ը գրում է. «Վարչապետի աներորդի, պատգամավոր Հրաչ Հակոբյանի նախաձեռնությամբ դեռ նախորդ գումարման Ազգային ժողովում օրենսդրական նախագիծ էր ներկայացվել, որով արգելվելու է բուքմեյքերական ընկերությունների գովազդը հեռուստատեսությամբ եւ առցանց տիրույթում, ինչը ֆինանսական մեծ հարված կլինի լրատվամիջոցներին, որոնք հիմնականում գովազդից են ֆինանսավորվում, իսկ Հայաստանում քանի որ տնտեսությունը չի զարգանում, ուստի, գովազդատուները հիմնականում բուքմեյքերներն են։ Այս նախաձեռնությունն առնվազն ԶԼՄ-ների անկախության դեմ ուղղված քայլ կարող է դիտվել, եւ լրատվական աշխարհում բողոք է հասունանում։ Հեղինակն ԱԺ-ում փակ քննարկում է կազմակերպել խնդրի առնչությամբ՝ խտրական մոտեցում դրսեւորելով եւ որոշ լրատվամիջոցների չհրավիրելով։ Հրաչ Հակոբյանն արդարացել է, թե իր օգնականն է հրավիրել ԶԼՄ-ներին, իսկ ինքը տեղյակ չէ»:
«Փաստ»-ը գրում է. «Պարգեւավճարներից բավականին «կլորիկ» գումարներ են հավաքվել, եւ կուսակցության ղեկավարությունը որոշել է գրասենյակ գնել Բայրոնի փողոցում կամ Հյուսիսային պողոտայի մերձակա հատվածում: Տեղեկությունների համաձայն՝ այդ գործը վստահված է նախարար Սուրեն Պապիկյանի հորեղբոր որդուն, որը նաեւ կառավարության գործերի կառավարչի տեղակալն է»:
«Ժամանակ»-ը գրում է. «Երեկ վարչապետ Փաշինյանն ազատել է Ջրային պետական կոմիտեի նախագահ Ինեսա Գաբայանին: Պատճառը իշխանության ներսում առկա ներխմբային բախումն է: Ինեսա Գաբայանը վատ հարաբերություններ ուներ ջրառի տնօրեն Կարեն Եփրեմյանի հետ, ում անմիջական վերադասն էր, բայց չէր կարողանում ազատվել Եփրեմյանից, քանի որ նա վայելում էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հովանավորությունը: Իսկ Գաբայանի հովանավորը փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էր: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Ավինյան-Վանեցյան դիմակայության մեջ Վանեցյանը հաղթանակած դուրս եկավ»:
0Comments