Բնակարանները Հայաստանում անշեղորեն թանկանում են

Որոշակի հետաքրքրություն է առաջացնում «օտարերկրյա քաղաքացիների» կարգավիճակով վաճառողների կամ գնորդների խումբը

Բնակարանները Հայաստանում, հատկապես նրա մայրաքաղաքում, անշեղորեն թանկանում են։ Պաշտոնական վիճակագրությունը բերում է, այսպես կոչված, «միջին շուկայական գները», բնակարանի 1 քառակուսի/մետրի համար։ Գները, բնականաբար, արտահայտված են դրամով։ Սակայն անշարժ գույքի մեր շուկայում սովորաբար գործարքները կնքվում են ԱՄՆ դոլարով։

Նշենք, որ Հայաստանում դոլարը մեկ տարվա ընթացքում ամրապնդվել է խորհրդանշական մեծությամբ (դեկտեմբերի դրությամբ՝ 0,3 տոկոսով), այդ պատճառով գների վրա որեւէ ազդեցություն չի գործել։ Դիտարկենք, թե ինչպես են փոխվել բնակարանների գները մայրաքաղաքում անցյալ տարվա դեկտեմբերին՝ համեմատած նախանցյալ տարվա դեկտեմբերի հետ։ Բացարձակ ռեկորդ է սահմանել առանց այդ էլ «թանկ» Կենտրոնը՝ այստեղ «քառակուսու» միջին գինն ավելացել է 211 դոլարով (կամ 22 տոկոսով)։ Այնուհետեւ մեծ տարբերությամբ նրան հետեւում են Դավիթաշենը՝ 79 դոլարով (15 տոկոսով), Արաբկիրը՝ 76 դոլարով (10 տոկոսով) եւ Աջափնյակը՝ 66 դոլարով (14 տոկոսով)։

Նման թվերը, եթե դրանք համապատասխանում են իրականությանը, կարող են ակտիվացնել ներդրումները մայրաքաղաքի անշարժ գույքի մեջ, մանավանդ նշված շրջաններում։ Բնակարանների 1ք/մ մակերեսի գների դինամիկան անցյալ տարվա ամիսներով, ԱՄՆ դոլարով, ներկայացվում է ստորեւ բերված աղյուսակում։

Նույն պաշտոնական տեղեկատվության համաձայն, անցյալ տարի մայրաքաղաքում իրականացվել է բնակարանների առքուվաճառքի 11,7 հազար գործարք, որը մոտ 1,6 հազար միավորով (մոտ 15,5 տոկոսով) ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։ Հավելենք, որ անշարժ գույքի առքուվաճառքի գործարքների թվով առաջատարը նույն Կենտրոն թաղամասն է։ Վիճելի կլիներ նման թռիչքը միանշանակ լիովին դրական համարելը։ Չէ որ շատ ընտանիքներ իրենց բնակարանը վաճառում են ֆինանսական խնդիրների պատճառով կամ այլ երկրներ արտագաղթելու համար։ Սակայն, սրա հետ մեկտեղ, մյուս ընտանիքները բարելավում են իրենց բնակության պայմանները՝ ասենք, բնակարանների առաջնային շուկայում, հիփոթեքի միջոցով։ Բարեբախտաբար, պետությունը քաղաքացիների որոշակի խմբի այդ հարցում համակողմանի աջակցություն է ցուցաբերում։ Ճիշտ է՝ առայժմ միայն մայրաքաղաքում։ Իմիջիայլոց, նույն մայրաքաղաքում շինարարական կազմակերպությունների կողմից անցյալ տարի շահագործման է հանձնվել 132 հազար ք/մ բնակելի տարածք։ Դա մոտ 26 անգամ գերազանցում է նախանցյալ տարվա ցուցանիշը։

Եթե նայենք գործարքների դինամիկան, ասենք, նախորդ տարվա եռամսյակներով՝ համեմատած նախանցյալ տարվա նույն ժամանակահատվածների հետ, ապա պատկերը որոշ չափով կփոխվի։ Տարեկան գործարքների աճի մեծ մասը (մոտ ¾-ը՝ 73 տոկոս) կատարվել է I եւ II եռամսյակներում։ Ուշադրության է արժանի նաեւ այդ եռամսյակներում աճի ռեկորդային տեմպերը տարեկան կտրվածքով՝ 33 եւ 24 տոկոս համապատասխանաբար։ III եռամսյակում այդ ցուցանիշը որոշ չափով դանդաղել է, թեեւ մնացել է երկնիշ՝ 17 տոկոս։ Իսկ, ահա, IV եռամսյակում աճը փոխարինվել է նվազմամբ, աննշան (0,5 տոկոս), սակայն, այնուամենայնիվ՝ նվազմամբ։

Որոշակի հետաքրքրություն է առաջացնում «օտարերկրյա քաղաքացիների» կարգավիճակով վաճառողների կամ գնորդների խումբը։ Անցյալ տարի նշված «օտարերկրյա քաղաքացիները» Հայաստանում ձեռք են բերել անշարժ գույքի 1,7 հազար օբյեկտ, իսկ վաճառել են երկու անգամ շատ՝ 3,4 հազար միավոր։ Մոտավորապես այսպիսի պատկեր է նաեւ բնակարանների հարցում։ Օտարերկրյա քաղաքացիների կողմից անցյալ տարի Հայաստանում ձեռք է բերվել 938 բնակարան, վաճառվել 1,8 անգամ ավելի՝ 1730 բնակարան։ Նշենք, որ ձեռքբերման մեջ Ռուսաստանի քաղաքացիների մասնաբաժինը կազմել է 53 տոկոս, իսկ վաճառքի մեջ՝ նկատելիորեն շատ՝ 79 տոկոս։ Ավելի վաղ առաջ էր քաշվում մի ենթադրություն, որ նշված «օտարերկրացիների» մի մասը մեր նախկին քաղաքացիներն են, ովքեր այլ երկրի քաղաքացիություն են ընդունել (մեծ մասամբ՝ Ռուսաստանի)։ Սակայն մեկ գործարքից հետո նրանցից շատերն ընդմիշտ հրաժեշտ են տվել պատմական հայրենիքում իրենց սեփականությանը։ Այստեղ ուշադրություն դարձնենք ժամանակի վրա։

Հասկանալի է, որ մարդիկ, ովքեր փոխում են քաղաքացիությունը, սկզբում հարմարվում են նոր երկրին, աշխատանք եւ բնակարան են ձեռք բերում։ Նրանց մի մասը չի շտապում վաճառել հայրենիքում իր անշարժ գույքը՝ թողնելով այն «եթե հանկարծ․․․»-ի համար։ Եվ միայն հետո, ամրապնդելով դիրքերը, նրանք կատարում են այդ արմատական քայլը։

գներ

գներ