Ավստրալացի ճանապարհորդ և բլոգեր Սեմ Թոդը չի կարողացել մուտք գործել Տոկիոյից ոչ հեռու գտնվող Seibuen Amusement Park զվարճանքների զբոսայգի՝ ձեռքերի վրա ունեցած դաջվածքների պատճառով, գրում է Daily Mail-ը։
31-ամյա Թոդը, ով բազմիցս հրապարակել է իր տատուների լուսանկարները, սահմանափակման մասին իմացել է միայն տոմս գնելու պահին։ Զբոսայգու կանոններում նշված է եղել, որ տատուներ ունեցող այցելուների մուտքն արգելվում է։ Առանձնահատուկ հիշատակվել են նաև այսպես կոչված «կպչուկներիով դաջվածքներ» ունեցող մարդիկ։
Թոդն այս կանոնն անսպասելի է անվանել, քանի որ զբոսայգին նվիրված է Սյովա դարաշրջանին և վերաստեղծում է 20-րդ դարասկզբի Ճապոնիայի մթնոլորտը։ Միևնույն ժամանակ, նա ընդունել է, որ պարտավոր է հարգել իրեն հյուրընկալող երկրի կանոնները։

Ճապոնիայում դաջվածքները մինչ օրս կարող են հասարակական վայրերում սահմանափակումների պատճառ դառնալ՝ կազմակերպված հանցագործության և յակուձայի հետ դրանց պատմական կապի պատճառով։ Նման արգելքներն առավել հաճախ հանդիպում են օնսեններում։
Թոդի խոսքով՝ ինքը նմանատիպ արգելքի արդեն բախվել էր ճապոնական ավանդական տաք աղբյուրներից (օնսեն) մեկում։ Այդ ժամանակ նրան թույլատրել էին մուտք գործել միայն այն բանից հետո, երբ վիրակապերով ամբողջությամբ ծածկել էր մարմնի, այդ թվում՝ մատների դաջվածքները։
Ճանապարհորդը դաջվածքներ ունեցող զբոսաշրջիկներին խորհուրդ է տալիս նախապես փնտրել այնպիսի հաստատություններ, որոնք հստակ նշում են, որ ընդունում են նման այցելուների։
Նրա կարծիքով՝ դաջվածքների առկայությունը չպետք է խոչընդոտ լինի Ճապոնիա այցելելու համար, մանավանդ եթե դրանք կապված չեն հանցավոր խմբավորումների հետ և չեն պարունակում վիրավորական պատկերներ։
