Աշխարհում անվտանգային իրավիճակն ամենաբարդն է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր և բնութագրվում է ուժերի հավասարակշռության փոփոխությամբ։ Նման գնահատական է պարունակում Ճապոնիայի պաշտպանության նախարարության «Սպիտակ գիրք» ամենամյա զեկույցը, որն ընդունվել է օգոստոսի 4-ին։
«Միջազգային հանրությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր ապրում է ամենալուրջ փորձությունը և թևակոխում ճգնաժամի նոր դարաշրջան։ Ուժերի գլոբալ հավասարակշռությունը կտրուկ փոխվում է, իսկ պետությունների միջև մրցակցությունն ուժեղանում է»,- կարծում են ճապոնական ռազմական գերատեսչության վերլուծաբանները։
Ամենանկատելի փոփոխությունների թվում նրանք նշում են, որ «գիտության և տեխնիկայի թռիչքաձև զարգացումն արմատապես փոխում է անվտանգության հարացույցը»։ «Երկրները ձգտում են նորարարական տեխնոլոգիաներ մշակել, որոնք կարող են այսպես կոչված «խաղի կանոններ փոխող գործոններ» դառնալ։ Ավանդական ռազմական կառուցվածքը կրում է հիմնարար փոփոխություններ, ինչպես նաև պատերազմ վարելու մարտավարությունն ու ռազմավարությունը»,- հավելում են նրանք։
«Սպիտակ գրքում» ուշադրություն է դարձվում նաև կիբեռտարածությունում առկա ռիսկերին, տեղեկատվական պատերազմի վարման մեթոդներին և կլիմայի փոփոխությանը։ Նաև, ըստ նրանց, սպառնալիք է ներկայացնում այսպես կոչված «մոխրագույն գոտում» տեղի ունեցող դիմակայությունը, հատկապես այն, որը կապված է տարածքային վեճերի հետ։
Ճապոնիայի ՊՆ «Սպիտակ գիրք» ամենամյա զեկույցը ներկայացնում է անցած ֆինանսական տարում անվտանգության ոլորտում տիրող իրավիճակի ակնարկը։
