Ճապոնիայում ավելի քան մեկ տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ ի կատար է ածվել մահապատիժը․ մահապատժի է ենթարկվել մի տղամարդ, որը 2009 թվականին Օսակայի խաղասրահում հրդեհ էր կազմակերպել, ինչի հետևանքով զոհվել էր հինգ մարդ։
58-ամյա Սունաո Տակամին իր տան մոտ գտնվող պաչինկոյի խաղային ավտոմատների սրահը բենզինով էր ողողել և հրկիզել տարածքը։ Զոհ էին դարձել չորս այցելու և հաստատության մեկ աշխատակից։
2011 թվականին դատարանը Տակամիին դատապարտել էր մահապատժի՝ կախաղան հանելու միջոցով։ Պաշտպանությունը պնդում էր, որ հանցագործությունը կատարելու պահին տղամարդը տառապում էր հոգեկան խանգարմամբ, սակայն վեց երդվյալներից և երեք դատավորներից կազմված կազմը մերժեց այս փաստարկը։
Ճապոնիան և ԱՄՆ-ն շարունակում են մնալ «Մեծ յոթնյակի» միակ երկրները, որտեղ մահապատիժը պահպանված է։ Ճապոնիայում մահապատժի դատապարտվածներին, որոնք գտնվում են մահապարտների խցերում, սովորաբար առաջիկա կախաղանի մասին հայտնում են դրա իրականացումից ընդամենը մի քանի ժամ առաջ։
Անցյալ տարվա հունիսին Ճապոնիայում մահապատժի էր ենթարկվել Տակահիրո Սիրաիշին, որը ստացել էր «Twitter-ի մարդասպան» մականունը։ 2017 թվականին նա սպանել և մասնատել էր ինը մարդու։ Հանցագործությունները բացահայտվել էին այն բանից հետո, երբ նույն տարվա հոկտեմբերին ոստիկանությունը Տոկիոյից ոչ հեռու գտնվող Ձամա քաղաքում զոհերից մեկի որոնումների ընթացքում հայտնաբերել էր մարմնի մասեր։
