Խոշոր երաժշտական ալբոմների թողարկումը կարող է կապված լինել ԱՄՆ-ում մահացու ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ) թվի աճի հետ։ Այս մասին ցույց են տվել JAMA Network Open ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները։
Հարվարդի բժշկական դպրոցի գիտնականներն ուսումնասիրել են 2017–2022 թվականներին թողարկված 10 հանրահայտ ալբոմների լույս տեսնելու օրերին տեղի ունեցած մահացու ավտովթարների տվյալները։ Դրանց թվում էին Թեյլոր Սվիֆթի «Midnights», Դրեյքի «Scorpion» և Հարի Սթայլսի «Harry’s House» ալբոմները։
Թողարկման օրերին ԱՄՆ-ում 200 ամենահանրահայտ երգերի լսումների քանակը միջինում 43%-ով ավելի բարձր է եղել, քան մյուս օրերին։ Միևնույն ժամանակ, ՃՏՊ-ների հետևանքով զոհվածների թիվն ավելացել է 15,1%-ով։
Հետազոտողների գնահատմամբ՝ ուսումնասիրված 10 ալբոմների թողարկման օրերին գրանցվել է լրացուցիչ մոտ 182 մահվան դեպք։
Հեղինակները ենթադրում են, որ պատճառներից մեկը կարող է լինել վարորդների ուշադրության շեղումը սմարթֆոնների պատճառով։ Նոր ալբոմը գտնելու համար մարդը ստիպված է լինում ապաբլոկավորել հեռախոսը, բացել հավելվածը, գտնել անհրաժեշտ ձայնագրությունը և ընտրել երգը։ Այս ամենը պահանջում է ուշադրության մի քանի վայրկյան, ինչի պատճառով էլ շատ մարդիկ ուղղակի շեղվում են ճանապարհից։
Մահացության աճն առավել նկատելի է եղել երիտասարդների, տղամարդ վարորդների, մենակ ընթացող մարդկանց, ինչպես նաև ներկառուցված մուլտիմեդիա համակարգեր ունեցող մեքենաների վարորդների շրջանում։
Ընդ որում, հետազոտությունը ուղղակիորեն չի ապացուցում, որ վթարներում զոհված վարորդներն օգտվել են սմարթֆոններից կամ լսել են նոր ալբոմներ։ Գիտնականները միայն վիճակագրական կապ են հայտնաբերել խոշոր թողարկումների ամսաթվերի և մահացու ՃՏՊ-ների աճի միջև։
Հետազոտողները վարորդներին խորհուրդ են տալիս երաժշտությունն ընտրել նախապես և հեռախոսը անջատել նախքան շարժվելը։ Աշխատանքի հեղինակ Վիշալ Պատելի խոսքով՝ բավական է «ընտրել ալբոմը, սեղմել նվագարկել և անջատել հեռախոսը»։
