Կանխիկ գումարով և էլեկտրոնային քսակների հաշվին բուքմեքերային հաշիվները լցնելը կարգելվի

Մանրամասներ
ա

Այսօրվա դրությամբ հանրապետության քաղաքացիները կարող են իրենց բուքմեքերային հաշիվը լցնել երեք միջոցով՝ կանխիկով, բանկային հաշիվներով եւ էլեկտրոնային քսակների հաշվին։ Մեր նախագիծն առաջարկում է արգելել այդ հաշիվները կանխիկով եւ էլեկտրոնային քսակների հաշվին լցնելը։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նիստում ապրիլի 12-ին, «Մոլախաղերի, առցանց ռեժիմով ինտերնետ խաղերի եւ խաղատների մասին» օրենքում փոփոխություններ, ինչպես նաեւ հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասել է օրենսդրական նախաձեռնության հեղինակներից մեկը՝ կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը։

Նա նշել է, որ լրացումների ընդունումից 10 օր հետո բուքմեքերային գրասենյակների հաշիվները կանխիկով լցնելն այլեւս անհնար կլինի։ Ընդ որում՝ էլեկտրոնային քսակների հաշվին հաշիվները լցնելը կարգելվի 6 ամիս հետո։

Պապոյանն իր օրենսդրական նախաձեռնությունը հիմնավորել է նրանով, որ խաղերի ծուղակում հայտնվում են նաեւ բնակչության սոցիալապես չպաշտպանված շերտերը։ Սոցիալապես ապահովված մարդու համար դա խնդիր չէ, քանի որ ստացված միջոցների մի մասը նա կարող է ծախսել ըստ իր հայեցողության, այդ թվում այս կամ այն զվարճանքի վրա։

«Կառավարության վերջերս տեղի ունեցած նիստում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել էր, որ մեկ տարում խաղային բիզնեսում շրջանառության մեջ է մտցվել 3,9 տրլն դրամ։ Նախագծի նպատակն է առավելագույն չափով սահմանափակել մասնակիցների թիվը եւ գործընթացն ավելի թափանցիկ դարձնել։ Մենք պետք է հասկանանք, թե ով է այսօրվա դրությամբ խաղում»,- ասել է պատգամավորը։

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանում 2018թ. կատարվել են 333 մլրդ դրամի խաղադրույքներ։ 2019թ. այդ գումարն ավելացել է 3,3 անգամ՝ հասնելով 1 տրլն 115 մլրդ դրամի։ Ընդ որում՝ միայն 2020թ. առաջին 10 ամիսներին կատարվել է 1,5 տրլն դրամի խաղադրույք, իսկ 2021-ին՝ 3,9 տրլն դրամի։ Ավելին, 2018-2020թթ. խաղացողների թիվն ավելացել է մոտ 2,5 անգամ՝ 18 093-ից հասնելով 11 082 մարդու։