Ծառայությունների գները նույնպես կաճեն. Գնաճը շարունակվելու է

Մանրամասներ

ա

Այժմ առկա են միջնաժամկետ և երկարաժամկետ գործոններ, որոնք նպաստելու են առաջիկայում գների աճին։ Իրատեսական չէ ակնկալել, որ գները կիջնեն կամ աճը գոնե կդանդաղի։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանը։

Նա հավանական է համարում, որ գնաճը դեռ կշարունակվի։ Նշենք, որ դեկտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 7.7 տոկոս։ Որոշ ապրանքատեսակների գները բարձրացել են նույնիսկ երկնիշ տեմպով։

Հրանտ Միքայելյանը նկատում է՝ երբ տնտեսական ճգնաժամ է լինում, միշտ չէ, որ հնարավոր է լինում դրանից խուսափել։

«Փաստ է, որ կա ճնշում սպառողական շուկայի, սոցիալական ոլորտի վրա, բայց չգիտեմ, թե Հայաստանն ինչքանով հնարավորություն ունի դրա դիմացն առնելու։ Լուրջ կասկածներ ունեմ, որ նման հնարավորություններ չկան»,-նշեց տնտեսագետը։

Հրանտ Միքայելը նշում է, որ չնայած ԿԲ-ն իր կողմից փորձում է 4 տոկոսի հասցնել գնաճը, բայց տնտեսագետի կարծիքով դա այդքան էլ իրատեսական չէ։ Ամենայն հավանականությամբ գնաճի գործընթացը կշարունակվի և մոտավորապես 7-8 տոկոսի շրջանակներում կարող է լինել միջնաժամկետում։

Հարցին՝ կա՞ն ապրանքատեսակներ, որոնց շրջանում ևս գնաճ կնկատվի, տնտեսագետը նշեց, որ վերջին տարվա ընթացքում բարձրացել են բանջարեղենի գները, ինչը ևս պայմանավորված է միջազգային գներով։ Հրանտ Միքայելյանը կանխատեսում է, որ գների աճ կնկատվի նաև շինարարության և դրան առնչվող ոլորտներում։

«Այդ ամենից հետո ծառայությունների գներն էլ կաճեն, քանի որ ծառայություններ մատուցողները հիմա ապրանքներ վաճառողների հետ համեմատած ոչ բարենպաստ դիրքում են գտնվում։ Բոլորի համար ռիսկային շրջան է լինելու։ Եթե տնտեսվարողը գինը բարձրացնի, իսկ սպառողը չկարողանա այդ ապրանքը գնել, շուկան էլ բավական ճկունություն չցուցաբերի, այդ դեպքում տնտեսվարողն է տուժելու, իսկ եթե այլընտրանք չլինի, սպառողն է տուժելու»,-ասաց տնտեսագետը՝ հավելելով, որ ամեն ինչ կախված է տնտեսական աճից և արդյոք այն գերազանցելու է գնաճին, թե ոչ։

Դիտարկմանը, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարը միշտ խոսում է երկնիշ տնտեսական աճից, Հրանտ Միքայելյանն արձագանքեց.
«Միշտ ասել եմ, որ նա ստում է։ Նա էլ է ասել, որ ուղղակի ուզում էր դրական սպասելիքներ ստեղծել, այսինքն` խաբել մարդկանց։ Հիշվում են այն պաշտոնյաները, որոնք իրենց նկատմամբ եղած վստահությունը չարաշահել են, ինչի հետևանքով նաև պետական մարմինների նկատմամբ վստահությունն է մաշվում»,-նշեց տնտեսագետը։

2021թ.-ի ընթացքում գնաճի ամենաբարձր տեմպը գրանցվել է նոյեմբերին՝ 2020թ.-ի նոյեմբերի համեմատ կազմելով 9.6 տոկոս։