Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության Պետական պահպանության ծառայության նախկին պետ Գրիգորի Հայրապետովի մասին։
Գրիգորի Հայրապետովը անվախ, շիտակ, արժանապատիվ Հայ Մարդ էր, ընտանիքի նվիրյալ, բարձրագույն պրոֆեսիոնալ պետական պահապան:
Նա իր գիտակցական ողջ կյանքը նվիրաբերեց Հայրենիքին:
Մեր Հանրապետության առաջին տարում՝ 1991թ. նա կցված էր արտաքին գործոց նախարարին: Բայց ես, միգուցե միամիտ, համարեցի, որ պատերազմական եւ բազմաթիվ այլ մարտահրավերների պատասխանող երկիրը Գրիշայի մակարդակի երիտասարդ սպայի ծառայության կարիքն այլ տեղ պետք է ունենար, իսկ մենք գործի մեր բաժինը կանեինք Աստծո ուղեկցությամբ եւ ժողովրդի մոտ բաց ռեժիմով: Արձակեցի մեր թիկնապահներին: Բացառության կարգով նա միացավ, ըստ հրամայականի, արտասահմանյան՝ հանրահայտ դարձած «Պոլսո» առաքելությունն ապահովելու համար:
Եվրոպայի խորհրդի արտգործնախարարների լարված ժողովից հետո, երբ արդեն ցամաքով Կարին-Էրզրումից վերադառնում էինք Մարգարա, հանկարծակի եւ անհայտ անկյունից մեր մեքենան ենթարկվեց բազմազարկ հարվածների. դիմապակիները փշրվեցին: Հետեւի նստարանին կողքս նստած Հայաստանի Հանրապետության անձնազոհ զինվորը, ապագա գեներալը ամբողջ մարմնով ծածկեց ինձ՝ հարվածն ու վերքը վերցնելով իր վրա:
Մանրամասներն այստեղ կարեւոր չեն, այլ իրողությունը, որ սա Գրիշայի՝ հայրենի ծառայության ամբողջ կենսագրության սոսկ հերթական՝ հավանաբար չարձանագրված մեկ էջն էր:
Դրանից հետո իշխանությունները եկան ու գնացին, բայց նա նույն Մարդը մնաց՝ հարգանքով անվախ, ողնաշարով շիտակ, էությամբ՝ արժանապատիվ:
Ով արժանի է՝ նրա մի կտոր օրինակով ապրի:
Րաֆֆի Կ. Հովհաննիսյան
3 հունվարի, 2022թ.
Երեւան
0Comments