Սեպտեմբերի դրությամբ միջին աշխատավարձը կազմել է 201,7 հազար դրամից մի փոքր ավելի, իսկ տարվա կտրվածքով աճել է 8,9%-ով։ Զարմանալին այն է, որ ինֆլյացիան նշված ժամանակահատվածում հասել է նույն մեծության` 8,9%-ի: Այսքան «կատարյալ» համընկնող այս թվերից պարզվում է, որ իրական միջին աշխատավարձը ոչ բարձրացել է, ոչ նվազել։ Այսինքն, ինֆլյացիայի հետ կապված առանձնահատուկ խնդիրներ կարծես թե չկան։ Գաղտնիք չէ, որ շատ քաղաքացիներ կասկածներ ունեն պաշտոնական թվերի վերաբերյալ՝ ինչպես ինֆլյացիայի, այնպես էլ աշխատավարձի առումով։ Եւ նրանք դրա համար պատճառներ ունեն։
Ըստ որոշ տեղեկությունների՝ Հայաստանում նվազագույն աշխատավարձ է ստանում մոտ 80 000 մարդ, որից 35 000-ը՝ պետական հատվածում։ Հարց է առաջանում՝ եթե պետական հատվածում միջին աշխատավարձը բարձրացել է, ինչո՞ւ է նվազագույն աշխատավարձը մնացել նույն մակարդակում՝ 68 000 դրամ։
Ավելի տրամաբանական կլիներ բարձրացնել նվազագույն աշխատավարձը, ինչը կհանգեցներ պետական հատվածի (միեւնույն ժամանակ՝ մասնավոր հատվածի) բոլոր կատեգորիաների աշխատողների աշխատավարձերի համարժեք բարձրացման։ Եթե միջին աշխատավարձը պետական հատվածում աճել է, ապա ավելի հավանական է, որ դա պարգեւավճարների հետեւանք է։ Վերջիններս ներկայիս ծանր պայմաններում, որում հայտնվել է երկիրը, «մի քիչ» անտեղի են։
Սակայն նվազագույն աշխատավարձը չի փոխվել։ Այստեղից էլ, այս կատեգորիայի աշխատողների (ինչպես նաեւ աշխատավարձի չափով նրանց մոտ գտնվող այլ աշխատողների) իրական աշխատավարձը նվազել է ինֆլյացիայի չափով` 8,9%-ով։ Նույնպիս եզրակացություն կարելի է անել կենսաթոշակառուների մասով, որոնց կենսաթոշակի չափը մնացել է նույն մակարդակի վրա։ Բայց իրականությունն ավելի վատ է, քան երեւում է այս թվերից։
Բան այն է, որ սահմանափակ բյուջե ունեցող ընտանիքների համար առաջնային նշանակություն ունի ոչ թե գների ընդհանուր ինդեքսը, այլ պարենային ապրանքների գները։ Հասկանալի է, որ նրանք ընտանիքի բյուջեի զգալի մասը ծախսվում է սննդի վրա։ Մինչդեռ հոկտեմբերին ագրոինֆլյացիան հասել է երկնիշ ցուցանիշի՝ տարեկան կտրվածքով 16%-ի։ Ստացվում է, որ ցածր աշխատավարձով աշխատողների եւ թոշակառուների իրական եկամուտների մակարդակի անկումը ավելի մոտ է ագրոինֆլյացիայի երկնիշ տոկոսին, այլ ոչ թե ընդհանուր ինֆլյացիայի արժեքին։
Սննդամթերքի զգալի թանկացումը հանգեցնում է բնակչության ցածր եկամուտ ունեցող խավերի ընտանեկան բյուջեի ծախսերի կառուցվածքային տեղաշարժերի։ Այս ընտանիքների սննդի ծախսերի մասնաբաժինն աճում է՝ ի վնաս ծառայությունների սպառման։ Սակայն ընթացիկ գներով հունվար-սեպտեմբերին ծառայությունների ծավալն աճել է 913 մլրդ դրամով (կամ 7,2%-ով)։ Նույն ժամանակահատվածում ծառայությունների ընդհանուր շրջանառությունը 1,3 անգամ գերազանցել է հանրապետության մանրածախ ապրանքաշրջանառության ծավալը։
Ապրանքների սպառման բավականին ցածր մակարդակ ունեցող մեր երկրի համար մեկ շնչի միջին հաշվով սա պարադոքսալ է թվում։ Միակ ողջամիտ բացատրությունն այն է, որ եկամուտների առումով բնակչության բեւեռացումն աճել է։ Անապահով խավերի կենսամակարդակն իջել է, իսկ մեր հասարակության մեկ այլ հատվածի համար, ընդհակառակը, բարձրացել է։
Դրա մասին անուղղակիորեն վկայում է բնակչության դրամական խնայողությունների դինամիկան։ Ավելի ճիշտ՝ ոչ թե ողջ բնակչության, այլ այն հատվածի, որի եկամուտները թույլ են տալիս նման խնայողություններ անել։ Այսպես, հոկտեմբերի 1-ի դրությամբ հանրապետության կոմերցիոն բանկերում տնային տնտեսությունների ավանդները տարեկան կտրվածքով աճել են 95,3 մլրդ դրամով (գրեթե 200 մլն դոլարով):
Մինչդեռ մանրածախ առեւտրում ինֆլյացիայով պայմանավորված գերավճարը հունվար-սեպտեմբերին կազմել է 98 մլրդ դրամ(առանց կրպակների)։ Գրաֆիկը ցույց է տալիս գերավճարի չափի դիֆերենցեցիան` ըստ մանրածախ օբյեկտի տեսակի: Երկրորդ տեղում՝ խանութներից հետո, ավտոմեքենաների եւ կենցաղային վառելիքի վաճառքով զբաղվող «այլ օբյեկտներն» են։ Այնպես որ, մեքենաների սեփականատերերի համար էլ հեշտ չի եղել։
Սրանք արդեն պետական իրավասու մարմինների խնդիրներն են՝ պարզել, թե այս գերավճարից որքանն է բաժին ընկնում «օրինական» ինֆլյացիային, եւ որքանն է թելադրված գործարարների սովորական ագահությամբ։ Բայց, ըստ ամենայնի, այս ուղղությամբ կոնկրետ քայլեր չեն ձեռնարկվում։
Սմբատ Գրիգորյան
0Comments