Երկու օր՝ Բաքվի զինվորականների ներխուժման եւ ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի պաշտոնանկության ֆոնին, ակտիվացել է ռուսական կողմին պատնեշելուն կոչված քարոզչությունը։ Հար եւ նման նախորդ դեպքերին, կամ ինչպես Արցախում Բաքվի սպանություններից ու այլ հանցագործություններից հետո, երբ թմբկահարվում է «Ադրբեջանը հարվածում է ռուս խաղաղապահների հեղինակությանը»։
Այս անգամ «ռուսական բարձրաստիճան շրջանակներին հարող աղբյուրը» հայտնել է (Հրապարակ), որ «նոյեմբերի 9-ի հանդիպումից կամ տեսակոնֆերանսից Նիկոլ Փաշինյանի հրաժարվելն ադրբեջանական կողմին մղել է գնալ զինված ճանապարհով հարցի լուծման: Իսկ Փաշինյանը հրաժարվել է այդ հանդիպումից մի պարզ պատճառով` հայաստանյան հանրության մեծ ճնշման ներքո: Նա, որպես կանոն, նահանջում է, երբ վտանգ է տեսնում, իսկ մեր հանրային շրջանակները` Ֆեյսբուք, լրատվամիջոցներ, ընդդիմություն, այնպիսի մեծ աղմուկ բարձրացրին, որ տպավորություն ստեղծվեց, թե ինչ-որ փաստաթղթի ստորագրումը կարող է իշխանափոխության պատճառ դառնալ: Եվ նա նախընտրեց հրաժարվել հանդիպումից ու թույլ տալ, որ Իլհամ Ալիեւը զինված ուժով լուծի հարցերը, որ իրեն հետո «չասեն դավաճան»: Ամենաուշագրավն այն է, որ ռուսական տարբեր խողովակներով փորձում են համոզել ՀՀ ընդդիմությանը, հեղինակություն վայելող անձանց, որ` դադարեցրեք ճնշումները, եթե չեք ուզում առանց դեմարկացիայի, զինված ուժով եւ զոհերի գնով տարածքներ տաք: Ռուսական էմիսարները, այդ թվում՝ Հայաստանում ՌԴ դեսպանը, հանդիպումներ են ունենում տարբեր շրջանակների հետ եւ հորդորում չխանգարել իրավական գործընթացներին, թույլ տալ, որ սահմանազատում իրականացվի փաստաթղթով, որ Ռուսաստանն էլ կարողանա ինչ-որ բանով աջակցել մեզ: Եվ ամենակարեւորը` պատերազմ, զոհեր եւ տարածքների անօրինական զավթում տեղի չունենա»:
Ակնհայտ է այսպես կոչված «եռակողմ թղթերի»՝ Հայաստանի համար շահավետության կամ անայընտրանքայնության պարտադրման փորձը, այդ թվում՝ սահմանազատման պայմանագիրը։ Ռուսաստանն այնքան է խրվել իր հակահայ ծրագրերում, որ ռուսական կողմից ինչ արտահոսում է՝ անթաքույց սպառնալիք է ու միաժամանակ խոստովանություն։
Տվյալ պարագայում հաստատվում են այն պնդումները, որ Բաքվի ներխուժումները առաջնորդում է Մոսկվան՝ Հայաստանին սահմանազատում պարտադրելու, պատերազմի արդյունքները ճանաչելու, Հայաստանի համար Արցախի, ինչպես նաեւ Նախիջեւանի կորուստը Երեւանի ստորագրությամբ «օրինականացնելու», ռուս-թուրքական պատերազմական հանցագործությունները պարտակելու նպատակով։ Վերջին օրերի ինտենսիվ զարգացումները պայմանավորված են Մինսկի խմբի ակտիվացմամբ եւ ՄԱԿ ԱԽ-ում Արցախի վերաբերյալ հնարավոր բանաձեւի քննարկմամբ։
«Ռուսաստանի աջակցությունը» Մոսկվա-Բաքու պայմաններով այս ամենին համաձայնելն է, ուրիշ ոչինչ, թեեւ դա էլ խիստ հարաբերական է՝ ՌԴ աշխարհքաղաքական նահանջով պայմանավորված։
Դժվար է ասել, թե ինչու Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել նոյեմբերի 9-ի տեսակոնֆերանսին, որի ժամանակ Պուտինն ու Ալիեւը պետք է նշեին «Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ տարած հաղթանակի» մեկ տարին։ Չի՞ ցանկացել ինքն էլ մասնակցել Պուտինի ու Ալիեւի տոնին, թե՞ իսկապես զգուշացել է ներքին դժգոհություններից։ Դիմադրո՞ւմ է պայմանագրերի ստորագրմանը, թե՞ տվել է իր համաձայնությունը։ Բաքվի ներխուժումներին զինված դիմադրության բացակայությունը պայմանավորվա՞ծ է, թե՞ դա «ռուսների ուղիղ հրահանգը կատարող նախարարի» արածն է։
Եթե կա դիմադրություն պայմանագրերին, պետք է դիմադրություն լինի նաեւ ներխուժումներին, քանի որ չկան խորհրդային քարտեզներ ու իրավական հիմքեր, կա տարածքի իրավազորության, այսինքն՝ վերահսկողության խնդիր։ Մոսկվան ու Բաքուն կանգ չեն առնելու, դիմադրությունը պետք է ծավալվի բոլոր ուղղություններով։ Մոսկվան շատ էր զգուշանում հայերի դիմաց միայնակ, առանց պրոքսիի կանգնելու հեռանկարից․ դա շատ մոտ է։
0Comments