«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՊԵԿ նախկին նախագահԳագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել պարարտանյութերի բաշխման գործընթացում արձանագրված չարաշահման դեպքի առթիվ հարուցված եւ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում։
Հիշեցնենք, որ 2018թ հարուցվել են մի քանի տասնյակ քրեական գործեր՝ ՀՀ տարբեր մարզերի համայնքներում պարարտանյութի բաշխման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ։
Մասնավորապես՝ պետական աջակցության երկու տարբեր ծրագրի շրջանակներում տարիներ շարունակ համայնքներին տրամադրվել է պարարտանյութ և սերմացու, որոնք սահմանված կարգով պետք է փոխանցվեին շահառուներին՝ գյուղացիներին։ Սակայն բաշխման գործընթացում թույլ են տրվել մի շարք չարաշահումներ։ Մասնավորապես, պարարտանյութը կամ սերմացուն չի հատկացվել ցուցակում ընդգրկված բնակիչներին կամ հատկացվել է ոչ այն ծավալով, որով նախատեսված է եղել, իսկ որոշ դեպքերում էլ՝ հատկացված պարարտանյութի և սերմացուի դիմաց գյուղացիներից գանձված գումարները չեն ձևակերպվել, հավաքագրված գումարները տնօրինվել են համայնքների ղեկավարների կողմից՝ սեփական հայեցողությամբ՝ մարզպետարաններին ներկայացնելով, թե գյուղացին ի վիճակի չի եղել կատարել վճարումները։
Քննությամբ պարզվել էր, որ դրանք կրել են համակարգային բնույթ եւ չեն սահմանափակվել համայնքների ղեկավարների մակարդակով։ Այսպես, ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից առանց մրցույթ կազմակերպելու 2013-2016թթ. ազոտական պարարտանյութի ներկրման գործառույթը տրվել է «Բերրիություն ԱՄ» Մասիսի շրջանային միավորում», իսկ 2014-2016թթ. ֆոսֆորական ու կալիումական պարարտայնութերի ներմուծման գործառույթը՝ «Հրաշք այգի» ՍՊ ընկերություններին։ Վերջիններս, ամեն տարի ստանալով մենաշնորհային դիրք, պետական անտոկոս վարկի, պետական սուբսիդիայի և դրամաշնորհի հաշվին զբաղվել են հիշյալ ծրագրերի իրականացմամբ:
2018 թվականի հունիսին հարուցվեց երկու քրեական գործ՝ արդեն ավելի վերին օղակների մասնակցությունը պարզելու համար՝ մեկը Դատախազության, իսկ մյուսը՝ Քննչական կոմիտեի կողմից, որոնք ուղարկվեցին ՀՔԾ։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել հենց այս գործով, քանի որ զեղծարարությունների մեջ կասկածվող ընկերություններից մեկը կապվում է նրա անվան հետ։
Ավելի վաղ հայտնել ենք, որ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել էր ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ հավելելով, որ իրենց մոտ քննվող քրեական գործի շրջանակում 800 միլիոն դրամի վերականգնում է եղել։
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր՝ լրագրողների հետ զրույցում, հաստատել է «Փաստինֆո»-ի՝ ավելի վաղ հայտնած այն տեղեկությունը, որ առավոտից քննչական գործողություններ են իրականացվում Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատանը, գրասենյանկներում։ Արթուր Վանեցյանը նշել էր, որ խուզարկությունն իրականացվում է առանձնապես խոշոր չափերով վատնման եւ պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում։ Նրա խոսքով՝ խոսքը տասնյակ միլիոնավոր դոլարների մասին է։
0Comments