Երևանում կանցկացվի իրանական ժամանակակից ֆիլմերի ցուցադրություն

Մանրամասներ

ա

ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնը և Հայաստանի ազգային կենտրոնը ներկայացնում են՝  «Իրանի ժամանակակից կինոյի օրեր» ծրագիրը։ 2021թ. սեպտեմբերի 23-25-ը՝ «Մոսկվա» կինոթատրոնի, Կարմիր դահլիճում  տեղի կունենա իրանական ժամանակից երեք ֆիլմերի ցուցադրություն։ Երևանյան կինոցուցադրումները նվիրվելու են Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հիմնադրման 30-ամյակին։

Հայ հանդիսատեսի համար ֆիլմերը կցուցադրվեն հայերեն ենթագրերով։ Մուտքն ազատ է։

23.09.2021թ.

«Թիկնապահը», ռեժ. Էբրահիմ Հաթամիկիա, 2016 թ. 

Ռեժիսորը ֆիլմը նվիրել է ԻԻՀ հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիին: Այն միջին տարիքի մի տղամարդու մասին է, որը պաշպանում է Իրանի բարձրաստիճան քաղաքական գործիչներին:

24.09.2021 թ.

«Վիլլայի բնակիչները», ռեժ. Մունիր Ղեյդի, 2017թ. 

Իրանական բանակի ղեկավարների համար հատկացված Villaeiha համալիրում է ապրում Ազիզն իր թոռների հետ: Էլյասը վարորդ է, որն ամեն անգամ դժվարությունների է հանդիպում, երբ անհրաժեշտ է լինում տեղեկություններ հաղորդել ընտանիքների մասին: Որոշ ժամանակ անց համալիր է գալիս Ազիզի հարսը` երեխաներին տանելու համար, բայց վերջինս հրաժարվում է:

25.09.2021թ.

«Գիշերային հերթափոխ», ռեժ. Նիկի Քարիմի, 2021թ. 

Ֆիլմի գլխավոր հերոսուհին՝ Նահիդը, խաղաղ և հանգիստ կյանքով է ապրում իր ամուսնու և դստեր հետ: Բայց ամեն ինչ փոխվում է, երբ նրան հայտնում են, որ իր ամուսինը ցանկանում է ինքնասպան լինել: Սկզբում նա չի հավատում այդ խոսակցություններին, բայց որոշ ապացույցներ գտնելուց հետո, սկսում է այդ ամենին ավելի լուրջ մոտենալ:

Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 21-ին՝ «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը և «Ֆարաբի» կինոհիմնադրամի տնօրեն Ալիռեզա Թաբեշը, հայ-իրանական մշակութային համագործակցության շրջանակում վերաստորագրեցին դեռևս 2017 թ․ գործող կինեմատոգրաֆիայի ոլորտում հայ-իրանական համագործակցության համաձայնագիրը։

Սույն համաձայնագիրը ենթադրում է գործակցության բազմազան ուղղություններ՝ նպաստել կինոժառանգության պահպանությանը, մանկապատանեկան կինոծրագրերի ստեղծմանը, համատեղ կինոարտադրության զարգացմանը, երկկողմ կրթական ծրագրերի իրականացմանը, հայ-իրանական կինոշուկայի ձևավորմանը, ֆիլմերի տարածմանն ու երկկողմ փառատոների մասնակցությանը։